Ադրբեջանի հետ խաղաղությունը ԵՄ-ի հետ համագործակցության ընդլայնման հնարավորություն է ստեղծում նաև ենթակառուցվածքային ծրագրերում. ՀՀ վարչապետ
3 րոպեի ընթերցում

Ադրբեջանի հետ վերջերս հաստատված խաղաղությունը Հայաստանի համար հնարավորություն է ստեղծում՝ ընդլայնելու Եվրոպական միության հետ համագործակցությունն, այդ թվում՝ նաև ենթակառուցվածքային ծրագրերում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով Հայաստանի ու Եվրամիության միջև ռազմական ոլորտում համագործակցության ընդլայնման վերաբերյալ հարցին։
ՀՀ վարչապետը նկատեց, որ Երևանն այդ ուղղությամբ արդեն իսկ համագործակցություն ունի Եվրամիության երկրների հետ։
«Մենք ռազմատեխնիկական ոլորտում համագործակցություն ունենք Ֆրանսիայի հետ, Եվրոպական խաղաղության գործիքի միջոցով արդեն երկու անգամ աջակցություն ենք ստացել Եվրոպական միության կողմից։ Մենք, ընդհանուր առմամբ, համագործակցում ենք ԵՄ-ի հետ տարածաշրջանային համատեքստում, և Ադրբեջանի հետ վերջերս հաստատված խաղաղությունը մեզ համար հնարավորություն է ստեղծում, որպեսզի մենք ԵՄ-ի հետ համագործակցությունն ընդլայնենք, այդ թվում՝ նաև ենթակառուցվածքային ծրագրերում»,-ասաց Փաշինյանը։
ՀՀ վարչապետը, շարունակելով պատասխանել հնչեցված հարցին, ընդգծեց, որ ընդհանրապես անվտանգություն ասելով՝ շատ հաճախ հասկացվում է զենք, զինամթերք, բանակ, հատուկ ծառայություններ, օպերատիվ գործողություններ և այլն, և Հայաստանը ևս շուրջ 30 տարի ապրել է այդ ընկալման մեջ։
«Հայաստանում ևս շատ է խոսվում անվտանգության երաշխիքների մասին․ ինձ համար հիմա ակնհայտ է, որ անվտանգության միակ երաշխիքը խաղաղությունն է։ Չկա անվտանգության ավելի հուսալի երաշխիք, քան խաղաղությունը»,-ասաց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երկրորդ շերտի անվտանգության երաշխիքը համագործակցությունն է՝ նաև տնտեսական, փոխկապվածությունը և փոխշահավետությունը։
«Մենք, իհարկե, ռազմատեխնիկական համագործակցություն ունենք Միացյալ Նահանգների, եվրոպական մի շարք երկրների հետ, որը նախկինում երբեք չենք ունեցել։ Այնուամենայնիվ, հասկանալով, որ բանակի զարգացումը շատ կարևոր է, և յուրաքանչյուր ինքնիշխան երկրի ոչ միայն իրավունքն, այլև պարտականությունն է՝ անվտանգության մեր ընկալումները փոխվում են ժամանակի հետ՝ ռազմականից ավելի շատ դառնալով քաղաքական և դիվանագիտական»,-շեշտեց Փաշինյանը։
Վարչապետը կրկին ընդգծեց, որ շեշտն ավելի շատ պետք է դրվի վերոնշյալ հանգամանքների վրա։
«Հայաստանի ներսում ևս ես այս մասին խոսելիս ասում եմ՝ բանակը մեզ համար անվտանգության առումով ոչ թե գործիք, այլ ռեզերվ է, եթե հանկարծ որևէ պայմաններում իմ ասած խաղաղության առաջնային գործիքները չաշխատեն»,-եզրափակեց Հայաստանի վարչապետը։