2026 թ. հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունենալու պատմաքաղաքական հեղափոխություն. վարչապետը 65 տոկոսի նշաձող է սահմանել

3 րոպեի ընթերցում

2026 թ. հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունենալու պատմաքաղաքական հեղափոխություն. վարչապետը 65 տոկոսի նշաձող է սահմանել

Առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքում լինելու է «Հեղափոխություն 3»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Գյումրիում ներկուսակցական քարոզարշավի հավաքի ընթացքում իր ելույթի ժամանակ։

«Մենք 2018 թվականին ընտրություններով արել ենք ներքաղաքական հեղափոխություն, 2021 թվականի ընտրություններում ժողովուրդը մեզ առաջնորդել է դեպի սոցիալ-հոգեբանական և մտածողության հեղափոխություն, 2026 թվականի հունիսի յոթի ընտրություններում մենք հասնելու ենք պատմաքաղաքական հեղափոխության, որը մեզ՝ Հայաստանի ժողովրդին, յոլա գնալու, գոյատևման քաղաքականության ցիկլից դուրս է բերելու և դնի զարգացման հարատև պետության օրակարգի ռելսերի վրա»,- նշեց Հայաստանի վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից շատ չանցած Գյումրիում լինելու է «Գյումրի 1»․

«Մենք մոռանում ենք, որ Գյումրիում հեղափոխություն տեղի չի ունեցել, Գյումրին հեղափոխական իշխանություն չի ունեցել և 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից շատ չանցած Գյումրիում լինելու է «Գյումրի 1»։

Վարչապետն արձանագրեց՝ հունիսի 7-ի ընտրություններում Հայաստանին և Հայաստանի ժողովրդին պետք է ոչ թե պարզապես հաղթանակ, այլ, որ խաղաղության թիմը ստանա բացարձակ սահմանադրական մեծամասնություն։

«Մեր նշաձողը 65% ն է այս ընտրություններում: Բայց մի շատ կարևոր արձանագրում ենք արել. շատ լավ է, որ ժողովուրդը մեզ տալիս է այդ վստահությունը, բայց մենք երբեք ոչ մի վայրկյան չպետք է մեր զգոնությունը թուլացնենք: Մեզ ասելով՝ նկատի ունեմ ոչ միայն մեր կուսակցական ընկերներին, այլև` մեր ընտրողներին, մեր ժողովրդին։ 2026թ. հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունենալու պատմաքաղաքական հեղափոխություն։  Եվ այդ հեղափոխությունն անելու  որոշում պետք է կայացնի միայն մեկ մարդ` և այդ մեկ մարդը դու ես»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյան՝ շեշտելով, որ բոլորը պետք է գնան ընտրատեղամաս և տեր կանգնեն խաղաղությանը, անկախությանը, պետությանն ու նահատակների զոհողություններին։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի խումբ անդամների հետ, մարտի 7–ին այցելել է Արագածոտնի և Շիրակի մարզեր, որտեղ բազմաթիվ հանդիպումներ է ունեցել տարբեր բնակավայրերի քաղաքացիների հետ։

ՀՀ վարչապետը կանգառներ է կատարել Արագածոտնի մարզի Աշտարակ, Թալին քաղաքներում, Շիրակի մարզի Մարալիկ, Պեմզաշեն, Արթիկ համայնքներում։ Նաև՝ Գյումրի քաղաքում։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում