2 րոպեի ընթերցում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 7-ին Արագածոտնի մարզ կատարած այցի ընթացքում հանդիպել է վերջերս գերությունից վերադարձած Դավիթ Դավթյանի հայրիկին՝ Տիգրան Դավթյանին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպումից իր «Ֆեյսբուք»-ի էջում տեսանյութ է հրապարակել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
Տեսանյութում վարչապետը շնորհակալություն է հայտնում գերությունից վերադարձած Դավիթի հայրիկին՝ նշելով, որ բազմիցս հանդիպել են, ու չի կարող չընդգծել ծնողի այդքան համբերատար ու ըմբռնող լինելը:
«Բազմիցս հանդիպել ենք, ու այս մարդը մի անգամ ընդամենը մեկ կամ երկու հարց է տվել, անկեղծ կասեմ՝ ես լինեի իր փոխարեն ՝ չէի կարող այդքան համբերատար լինել: Ուզում եմ շնորհակալություն հայտնեմ, ոչ մեկը չէր հավատում, բայց մենք երկուսով հավատում էինք և գիտեինք»,- ասաց վարչապետը:
Դավիթ Դավթյանի հայրն էլ շնորհակալություն հայտնեց վարչապետին և ընդգծեց.
«Դուք ինձ խոստացաք, որ իմ որդուն կվերադարձնեք, ու վերադարձրեցիք»:
2026 թվականի հունվարի 14-ին Ադրբեջանը վերադարձրել էր 4 հայ գերիների՝ Գևորգ Սուջյանին, Դավիթ Դավթյանին, Վիգեն Էուլջեքջյանին և Վագիֆ Խաչատրյանին։ Նրանք Ադրբեջանի կողմից գերեվարվել էին 44-օրյա պատերազմից հետո և տարբեր կեղծ մեղադրանքներով ազատազրկման էին դատապարտվել Բաքվի դատարանի կողմից։