Մարտուն Գրիգորյանն ԱԺ ընտրություններին կմասնակցի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության «Առաջարկ Հայաստանին» ծրագրով
1 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության «Առաջարկ Հայաստանին» ծրագրով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մարտուն Գրիգորյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք »-ի իր էջում։
«Թիմակիցներիս հետ այս օրերին եկանք այն որոշմանը, որ մենք մասնակցելու ենք ԱԺ ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության «Առաջարկ Հայաստանին» ծրագրով՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ»,- գրել է Գրիգորյանը։
Ավելի վաղ «Մայր Հայաստան» կուսակցությունն էր հայտարարել ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով մասնակցելու մասին։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը միանալու մասին է հայտարարել նաև «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը։