Չինաստան

«Գոտի և ճանապարհ», բաց տնտեսություն և համագործակցության ընդլայնում. Չինաստանը ներկայացրեց 2026-ի տնտեսական «ճանապարհային քարտեզը»

8 րոպեի ընթերցում

«Գոտի և ճանապարհ», բաց տնտեսություն և համագործակցության ընդլայնում. Չինաստանը ներկայացրեց 2026-ի տնտեսական «ճանապարհային քարտեզը»

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում մարտի 5-ին բացված Ազգային ժողովրդական կոնգրեսի (NPC) նստաշրջանում երկրի վարչապետ Լի Ցյանը ներկայացրեց կառավարության աշխատանքի տարեկան զեկույցը, որը սահմանում է Չինաստանի տնտեսական և սոցիալական քաղաքականության հիմնական ուղղությունները 2026 թվականի համար։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս փաստաթուղթը համարվում է Չինաստանի կառավարության հիմնական քաղաքական ծրագիրը, որտեղ ամփոփվում են նախորդ տարվա արդյունքները և ներկայացվում առաջիկա տարվա տնտեսական թիրախներն ու առաջնահերթությունները։

Զեկույցում նշվում է, որ Չինաստանի կառավարությունը 2026 թվականին նպատակ ունի ապահովել 4.5–5 տոկոս տնտեսական աճ` միաժամանակ շարունակելով կառուցվածքային բարեփոխումները և խթանելով տեխնոլոգիական զարգացումը։

Կառավարության աշխատանքի մասին զեկույցում ներկայացված են մի շարք հիմնական ուղղություններ, որոնք ձևավորում են երկրի տնտեսական քաղաքականության հիմքը։

Առաջինը ներքին պահանջարկի մեծացումն է։ Չինաստանի իշխանությունները մտադիր են խթանել սպառումը և բարձրացնել բնակչության եկամուտները՝ տնտեսության աճը առավել կայուն դարձնելու նպատակով։

Այս նպատակով նախատեսվում է պետական ֆինանսավորում տարբեր ծրագրերի համար, այդ թվում՝ հին տեխնիկայի կամ ավտոմեքենաների փոխարինման ծրագրերի համար։

Երկրորդ կարևոր ուղղությունը տեխնոլոգիական զարգացումն է։ Չինաստանի կառավարությունը նախատեսում է մեծացնել ներդրումները գիտահետազոտական և տեխնոլոգիական ոլորտներում։

Զեկույցում ընդգծվում է, որ առաջիկա տարիներին Չինաստանը մեծ ուշադրություն է դարձնելու հատկապես հետևյալ ոլորտներին․ արհեստական բանականություն, կիսահաղորդիչներ, բարձր տեխնոլոգիական արտադրություն և կենսատեխնոլոգիա։

«Անհրաժեշտ է խորացնել և ընդլայնել «Արհեստական բանականություն+» գործողությունների ծրագիրը, նպաստել ինտելեկտուալ նոր սերնդի տերմինալների և խելացի գործակալների արագացված ներդրմանը, խթանել հիմնական ոլորտներում և ճյուղերում արհեստական բանականության լայնածավալ առևտրային կիրառումը, ձևավորել նոր՝ AI բիզնես մոդելներ և ձևաչափեր։ Աջակցել ծրագրային ապահովման ոլորտում արհեստական բանականության բաց համայնքի ձևավորմանը և խթանել համապատասխան տեխնոլոգիական էկոհամակարգերի արագ զարգացումը»,- ներկայացնելով զեկույցը` նշեց ՉԺՀ վարչապետը։

Զեկույցում նշվում է, որ Չինաստանը շարունակելու է վարել բաց տնտեսության քաղաքականություն, ընդլայնել միջազգային համագործակցությունը և զարգացնել արտաքին առևտրային կապերը։

Չինաստանի կառավարությունը նախատեսում է ակտիվորեն խթանել արտաքին առևտրի կայուն աճը, մեծացնել ներմուծման ծավալները և բարելավել միջազգային տնտեսական համագործակցության պայմանները։

«Անհրաժեշտ է խթանել «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության համատեղ իրականացումը։ Այդ նպատակով պետք է ակտիվացնել ռազմավարությունների համադրմանը միտված աշխատանքը նախաձեռնությանը մասնակցող երկրների հետ, մանրակրկիտ աշխատել ենթակառուցվածքների փոխկապակցվածության ապահովման, կանոնակարգերի համաձայնեցման, ինչպես նաև մասնակից երկրների ժողովուրդների մերձեցման ուղղությամբ։

Միասնական պլանավորման հիման վրա պետք է նպաստել ինչպես կարևոր խորհրդանշական նախագծերի, այնպես էլ փոքրածավալ, բայց արդյունավետ՝ ազգային բարեկեցության բարձրացմանը նպաստող նախաձեռնությունների իրականացմանը։

Անհրաժեշտ է բարձրացնել Չինաստան–Եվրոպա և Չինաստան–Ասիա երկաթուղային էքսպրեսների զարգացման մակարդակը, արագացնել երկրի արևմտյան շրջանում նոր ցամաքային-ծովային համակցված փոխադրումների միջանցքի կառուցումը։

Միաժամանակ պետք է համակողմանիորեն խթանել «խելացի մաքսային» գործընկերային ծրագրի իրականացումը, ընդլայնել գործնական համագործակցությունը նոր ոլորտներում՝ ձգտելով հասնել նրան, որպեսզի տարբեր երկրների ժողովուրդները ավելի մեծ չափով օգտվեն համագործակցության պտուղներից»,- նշեց Լի Ցյանը։

Զեկույցում ընդգծվում է նաև միջազգային առևտրի ազատականացման կարևորությունը։ Չինաստանի վարչապետը հայտարարեց, որ շարունակելու են աջակցել բազմակողմ առևտրային համակարգին և ընդլայնել համագործակցությունը համաշխարհային տնտեսական կազմակերպությունների շրջանակում։

Բացի այդ, նախատեսվում է ընդլայնել միջազգային ներդրումային համագործակցությունը, ստեղծել ավելի բարենպաստ պայմաններ օտարերկրյա ներդրողների համար և խթանել ծառայությունների ոլորտում միջազգային համագործակցությունը։

Փաստաթղթում նշվում է, որ Չինաստանը պատրաստ է խորացնել տնտեսական կապերը տարբեր տարածաշրջանների հետ՝ միաժամանակ նպաստելով գլոբալ տնտեսական կայունությանը և զարգացմանը։

Զեկույցում ներկայացվում են նաև կառավարության ֆինանսական քաղաքականության հիմնական ցուցանիշները։ Պետական բյուջեի ծախսերը առաջին անգամ կհասնեն 30 տրիլիոն յուանի (4,2 տրիլիոն դոլար)։ Այս միջոցները նախատեսվում է ուղղել հատկապես ենթակառուցվածքների զարգացմանը, տեխնոլոգիական ծրագրերին, սոցիալական քաղաքականությանը և տնտեսական խթանման ծրագրերին։

Չինաստանի կառավարությունը կարևորում է նաև զբաղվածության մակարդակի պահպանումը։

2026 թվականին նախատեսվում է քաղաքներում ստեղծել ավելի քան 12 միլիոն նոր աշխատատեղ։ Բացի այդ, գործազրկության մակարդակը նախատեսվում է պահել մոտ 5.5 տոկոսի սահմաններում։

Կառավարությունը նաև նախատեսում է բարելավել սոցիալական ապահովության համակարգը, բարձրացնել բնակչության եկամուտները և խթանել ծառայությունների ոլորտի զարգացումը։

Չինաստանի զարգացման ռազմավարության կարևոր ուղղություններից մեկը նաև շրջակա միջավայրի պաշտպանությունն է և «կանաչ» տնտեսության զարգացումը։

Կառավարության ծրագրով նախատեսվում է առաջիկա տարիներին նվազեցնել տնտեսության էներգատարությունը և կրճատել ածխաթթու գազի արտանետումները։

2026 թվականը կարևոր է նաև այն պատճառով, որ այն համարվում է Չինաստանի զարգացման նոր՝ 15-րդ հնգամյա ծրագրի մեկնարկային փուլ։

Այս ծրագրի շրջանակում Չինաստանի իշխանությունները նախատեսում են շարունակել տնտեսական մոդելի վերափոխումը՝ բարձր տեխնոլոգիաների զարգացման, արտադրության արդիականացման միջոցով և ներքին շուկայի ընդլայնմամբ։  

Ազգային ժողովրդական կոնգրեսի նստաշրջանը Չինաստանի քաղաքական համակարգի կարևորագույն իրադարձություններից մեկն է։

Այստեղ քննարկվում են երկրի տնտեսական զարգացման հիմնական ուղղությունները, պետական բյուջեն, ինչպես նաև տարբեր օրենսդրական նախաձեռնություններ։

Այս նստաշրջանի ընթացքում ներկայացված կառավարության աշխատանքի զեկույցը փաստացի սահմանում է Չինաստանի տնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունները առաջիկա տարվա համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում