ՀՀ էկոնոմիկայի նախարարը կայացած փաստ է համարել ապահովագրության ներդրումը գյուղատնտեսության ոլորտում
2 րոպեի ընթերցում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կայացած փաստ է համարել գյուղատնտեսության ոլորտում ապահովագրության ներդրումը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Գևորգ Պապոյանը հայտարարել է ՀՀ Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ՝ անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում աջակցության որոշ ծրագրերի։
«Տասնյակ հազարավոր մարդիկ կարող են արդեն ապահովագրվել։ Հիմա հինգ-վեց ապահովագրական ընկերություններ ակտիվ ապահովագրություն են իրականացնում ՀՀ մարզերում, այսինքն՝ իրենք անձամբ գնում են և տեղում են կատարում ապահովագրությունը։ Կառավարությունը վճարում է ապահովագրության 40-60 տոկոսը»,-մանրամասնել է Պապոյանը։
Անդրադառնալով աջակցության մյուս ծրագրերին, նախարարը նշել է, որ կառավարությունը ավելի քան 3 միլիարդ դրամի չափով փոխհատուցում է տրամադրել 2024-2025 թվականների կարկտահարությունից տուժած գյուղատնտեսությամբ զբաղվողներին։
Ներկայում հացահատիկային, հատիկաընդեղենային և այլ մշակաբույսերի հավաստագրված սերմերի մշակություն իրականացնելու պարագայում՝ կառավարությունը 50 տոկոս փոխհատուցում է կատարված ծախսերը։
Նախարարը կարևորել է ինտենսիվ գյուղատնտեսության զարգացումը՝ այն համարելով կառավարության ռազմավարական նպատակներից, քանի որ բարձր եկամտաբերություն ապահովող ճյուղ է։
Նրա խոսքով՝ կառավարությունը աջակցության ծրագրեր ունի մի շարք ուղղություններով ՝ ինտենսիվ այգիների հիմնման, տոհմային կենդանիների ձեռքբերման դեպքում մինչև 50 տոկոս հետվճարի տրամադրում, ցածր տոկոսադրույքով վարկեր, կաթիլային ոռոգման համակարգեր անցկացնելիս՝ վարկերի տոկոսադրույքների ավելի քան 90 տոկոսի վճարում, ինչպես նաև գյուղտեխնիկայի լիզինգի ծրագիր։