4 րոպեի ընթերցում
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ՝ Ժողովրդի մեծ դահլիճում մարտի 4-ին մեկնարկեց Չինաստանի ժողովրդական քաղաքական խորհրդատվական խորհրդի (CPPCC) տարեկան նստաշրջանը։ «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նստաշրջանի բացման արարողությանը մասնակցեց Չինաստանի նախագահ Սի Ծինփինը՝ երկրի այլ բարձրաստիճան ղեկավարների հետ միասին։
Բացման նիստի ընթացքում հաստատվեց նստաշրջանի օրակարգը։ Նիստի շրջանակում ՉԺՀ Ժողովրդական քաղաքական խորհրդատվական խորհրդի Ազգային կոմիտեի նախագահ Վան Հունինը ներկայացրեց կազմակերպության մշտական հանձնաժողովի աշխատանքային հաշվետվությունը։ Նիստը նախագահեց Չինաստանի կոմունիստական կուսակցության բարձրաստիճան գործիչներից մեկը՝ Շի Թայֆենգը։
Նստաշրջանի բացման արարողությանը ներկա էին հազարավոր պատվիրակներ, ինչպես նաև Չինաստանի քաղաքական, տնտեսական և հասարակական կյանքի ներկայացուցիչներ։ CPPCC-ի տարեկան նստաշրջանը համարվում է Չինաստանի քաղաքական օրակարգի ամենակարևոր իրադարձություններից մեկը և տեղի է ունենում այսպես կոչված «Երկու սեսիաների» շրջանակում, երբ նույն ժամանակահատվածում անցկացվում են նաև երկրի խորհրդարանի՝ Ազգային ժողովրդական կոնգրեսի նստաշրջանները։
Բացման նիստում ներկայացված աշխատանքային հաշվետվությունում ՉԺՀ Ժողովրդական քաղաքական խորհրդատվական խորհրդի Ազգային կոմիտեի նախագահ Վան Հունինն անդրադարձավ Կոմիտեի նախորդ տարվա գործունեությանը և ներկայացրեց առաջիկա ժամանակահատվածի հիմնական առաջնահերթությունները։ Նրա խոսքով՝ խորհրդատվական մարմինը շարունակելու է ակտիվորեն աջակցել երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը, նպաստել պետական կառավարման արդյունավետությանը և լայնորեն արտացոլել հասարակության տարբեր շերտերի կարծիքները պետական քաղաքականության ձևավորման գործընթացում։
Հաշվետվությունում նա նաև ընդգծեց, որ CPPCC-ն շարունակելու է կենտրոնանալ Չինաստանի զարգացման ռազմավարական ուղղությունների վրա՝ ներառյալ տնտեսական աճը, տեխնոլոգիական զարգացումը, սոցիալական քաղաքականությունը, ինչպես նաև տարածաշրջանային զարգացման ծրագրերը։
Չինաստանի ժողովրդական քաղաքական խորհրդատվական խորհուրդը Չինաստանի քաղաքական համակարգում գործող խորհրդատվական մարմին է, որը միավորում է տարբեր քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, գործարարների, գիտնականների, մշակույթի և կրոնական համայնքների ներկայացուցիչների։
Այն կարևոր դեր ունի պետական քաղաքականության մշակման գործընթացում՝ ներկայացնելով առաջարկություններ և խորհրդատվական կարծիքներ երկրի ղեկավարությանը։
CPPCC-ի Ազգային կոմիտեի կազմում ընդգրկված են հազարավոր անդամներ, որոնք ներկայացնում են Չինաստանի հասարակության տարբեր շերտերը։ Նստաշրջանի ընթացքում նրանք քննարկում են երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, գիտության, կրթության, տարածաշրջանային զարգացման և սոցիալական քաղաքականության հարցերը։
CPPCC-ի նստաշրջանը Չինաստանի քաղաքական կյանքի կարևորագույն իրադարձություններից մեկի՝ այսպես կոչված «Երկու սեսիաների» (Two Sessions) առաջին մասն է։
Այս գործընթացը ներառում է երկու հիմնական քաղաքական մարմինների տարեկան նիստերը՝ Չինաստանի ժողովրդական քաղաքական խորհրդատվական խորհրդի և Չինաստանի խորհրդարանի նստաշրջանները։
Այս ընթացքում Չինաստանի ղեկավարությունը ներկայացնում է երկրի տնտեսական զարգացման հիմնական նպատակները, քննարկվում են սոցիալական և տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները, ինչպես նաև երկրի զարգացման ռազմավարական ուղղությունները։