Պակիստանն Աֆղանստանի հետ բախումները որակել է «բաց պատերազմ», երկու կողմից կան տասնյակ զոհեր

3 րոպեի ընթերցում

Պակիստանը գիշերն Աֆղանստանի խոշոր քաղաքներում թիրախավորել է իշխող «Թալիբան» շարժման կառավարական թիրախներ. Պակիստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ երկիրն այս հակամարտությունը համարում է «բաց պատերազմ»։ Կողմերը հայտնել են տասնյակ զոհերի մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

«Մեր համբերությունը սպառվել է։ Այժմ մեր և ձեր (Աֆղանստանի) միջև բաց պատերազմ է»,- հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Մուհամմադ Ասիֆը։

Պակիստանում աղբյուրները հայտնել են, որ սահմանի երկայնքով թալիբների դիրքերին, կենտրոնակայաններին և զենքի պահեստներին հասցվել են ինչպես օդային, այնպես էլ ցամաքային հարվածներ։

Պակիստանի կառավարության խոսնակ Մոշարաֆ Զայիդին հայտարարել է, որ իրենց զինված ուժերի «հակահարձակումն Աֆղանստանի թիրախների ուղղությամբ շարունակվում է»։ X-ում գրառման մեջ նա նշել է, որ հարվածները հասցվում են՝ ի պատասխան «Աֆղանստանի չհրահրված հարձակման»։ Զայիդիի խոսքով՝ սպանվել է 133 թալիբ զինյալ, ավելի քան 200-ը վիրավորվել են։ Ոչնչացվել է 27 դիրք, գրավվել՝ 9 դիրք։

«Թալիբան»-ի խոսնակ Զաբիհուլլա Մուջահիդն իր հերթին հայտարարել է, որ Պակիստանի ուժերն ավիահարվածներ են հասցրել Քաբուլին, Քանդահարին և Պակտիային։ Մուջահիդի խոսքով՝ իրենց կողմից սպանվել է 55 պակիստանցի զինվոր, գրավվել է 19 դիրք։ Նա հայտնել է նաև, որ Նանգարհարի նահանգում զոհվել է 8 թալիբ մարտիկ, վիրավորվել՝ 11-ը։ Վիրավորվել է նաև 13 քաղաքացիական անձ։

Պակիստանն իր ուժերը բերել էր բարձր պատրաստության վիճակի այն բանից հետո, երբ շաբաթվա սկզբին Աֆղանստանի արևելքում թիրախավորել էր «Թեհրիկ-է-Թալիբան» կամ «Պակիստանյան Թալիբան» խմբավորման և «Իսլամական պետության» զինյալներին։ Աֆղանստանը հայտնել էր, որ հարվածների հետևանքով զոհվել է 13 խաղաղ բնակիչ։  

Իսլամաբադը պնդում է, որ Քաբուլն ապաստան է տալիս Պակիստանում հարձակումներ իրականացնող զինյալների։ «Թալիբան»-ը հերքել է այս մեղադրանքները՝ նշելով, որ Պակիստանի անվտանգությունը նրանց ներքին խնդիրն է։ Թալիբների կառավարությունը նշել էր, որ թույլ չի տալիս զինյալներին գործել Աֆղանստանի տարածից, նաև նախազգուշացրել էր, որ «ուժեղ պատասխան» կտա այդ հարվածներին։

Հայերեն English Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն