Աշխարհ

Պակիստանն Աֆղանստանի հետ բախումները որակել է «բաց պատերազմ», երկու կողմից կան տասնյակ զոհեր

3 րոպեի ընթերցում

Պակիստանն Աֆղանստանի հետ բախումները որակել է «բաց պատերազմ», երկու կողմից կան տասնյակ զոհեր

Պակիստանը գիշերն Աֆղանստանի խոշոր քաղաքներում թիրախավորել է իշխող «Թալիբան» շարժման կառավարական թիրախներ. Պակիստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ երկիրն այս հակամարտությունը համարում է «բաց պատերազմ»։ Կողմերը հայտնել են տասնյակ զոհերի մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

«Մեր համբերությունը սպառվել է։ Այժմ մեր և ձեր (Աֆղանստանի) միջև բաց պատերազմ է»,- հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Մուհամմադ Ասիֆը։

Պակիստանում աղբյուրները հայտնել են, որ սահմանի երկայնքով թալիբների դիրքերին, կենտրոնակայաններին և զենքի պահեստներին հասցվել են ինչպես օդային, այնպես էլ ցամաքային հարվածներ։

Պակիստանի կառավարության խոսնակ Մոշարաֆ Զայիդին հայտարարել է, որ իրենց զինված ուժերի «հակահարձակումն Աֆղանստանի թիրախների ուղղությամբ շարունակվում է»։ X-ում գրառման մեջ նա նշել է, որ հարվածները հասցվում են՝ ի պատասխան «Աֆղանստանի չհրահրված հարձակման»։ Զայիդիի խոսքով՝ սպանվել է 133 թալիբ զինյալ, ավելի քան 200-ը վիրավորվել են։ Ոչնչացվել է 27 դիրք, գրավվել՝ 9 դիրք։

«Թալիբան»-ի խոսնակ Զաբիհուլլա Մուջահիդն իր հերթին հայտարարել է, որ Պակիստանի ուժերն ավիահարվածներ են հասցրել Քաբուլին, Քանդահարին և Պակտիային։ Մուջահիդի խոսքով՝ իրենց կողմից սպանվել է 55 պակիստանցի զինվոր, գրավվել է 19 դիրք։ Նա հայտնել է նաև, որ Նանգարհարի նահանգում զոհվել է 8 թալիբ մարտիկ, վիրավորվել՝ 11-ը։ Վիրավորվել է նաև 13 քաղաքացիական անձ։

Պակիստանն իր ուժերը բերել էր բարձր պատրաստության վիճակի այն բանից հետո, երբ շաբաթվա սկզբին Աֆղանստանի արևելքում թիրախավորել էր «Թեհրիկ-է-Թալիբան» կամ «Պակիստանյան Թալիբան» խմբավորման և «Իսլամական պետության» զինյալներին։ Աֆղանստանը հայտնել էր, որ հարվածների հետևանքով զոհվել է 13 խաղաղ բնակիչ։  

Իսլամաբադը պնդում է, որ Քաբուլն ապաստան է տալիս Պակիստանում հարձակումներ իրականացնող զինյալների։ «Թալիբան»-ը հերքել է այս մեղադրանքները՝ նշելով, որ Պակիստանի անվտանգությունը նրանց ներքին խնդիրն է։ Թալիբների կառավարությունը նշել էր, որ թույլ չի տալիս զինյալներին գործել Աֆղանստանի տարածից, նաև նախազգուշացրել էր, որ «ուժեղ պատասխան» կտա այդ հարվածներին։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում