Ջուրը պետք է դիտարկվի ոչ թե որպես անսպառ ռեսուրս, այլ՝ պահպանման ենթակա ազգային արժեք. ՀՀ նախագահ

4 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի 25-ամյակի հոբելյանական միջոցառմանը:

Իբնչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել Վահագն Խաչատուրյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը:

Վահագն Խաչատուրյանի ողջունի խոսքն ամբողջությամբ ներկայացնում են ստորև․

«Այսօր մենք նշում ենք Ջրային կոմիտեի հիմնադրման 25-ամյակը։ Սա կարևոր ժամանակահատված է պետական կառավարման համակարգի համար, և, միևնույն ժամանակ, լուրջ առիթ՝ վերանայելու անցած ուղին և գնահատելու այն խնդիրները, որոնք դեռևս մնում են լուծման կարիք ունեցող։

Ջրային կոմիտեի ստեղծումը պայմանավորված էր մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտի՝ ջրային ռեսուրսների կառավարման համակարգված և պետականորեն պատասխանատու կազմակերպման անհրաժեշտությամբ։ Անցած տարիների ընթացքում ձևավորվել են կառավարման մեխանիզմներ, իրականացվել են ենթակառուցվածքային ծրագրեր, պահպանվել և շահագործվել են ոռոգման և ջրամբարային համակարգեր։ Սակայն պետք է արձանագրենք նաև այն փաստը, որ ջրի կորուստների բարձր մակարդակը, համակարգերի մաշվածությունը և արդյունավետության հետ կապված խնդիրները շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ։

Հայաստանը ջրային պաշարներով համեմատաբար ապահով երկիր է, սակայն այդ հանգամանքը ինքնին բավարար չէ։ Ջուրը ազգային հարստություն է, և դրա պահպանությունն ու խելամիտ օգտագործումը պահանջում են առավել հետևողական քաղաքականություն, տեխնոլոգիական արդիականացում և կառավարման բարձր պատասխանատվություն։ Կլիմայական փոփոխությունների, տեղումների ռեժիմի փոփոխության և ջրային պահանջարկի աճի պայմաններում յուրաքանչյուր կորուստ, յուրաքանչյուր անարդյունավետ օգտագործում վերածվում է ոչ միայն տնտեսական, այլև ռազմավարական խնդրի։

Այս հոբելյանը պետք է ընկալվի ոչ այնքան որպես ձեռքբերումների ամփոփում, որքան՝ զգաստացնող պահ։ Այն մեզ հիշեցնում է, որ ոլորտում դեռևս մեծ աշխատանք կա անելու։ Անհրաժեշտ է խորքային գնահատել առկա թերություններն ու բացերը, վերանայել գործիքակազմը, վերաիմաստավորել կառավարման մոտեցումները և որդեգրել առավել արդյունավետ լուծումներ։ Ջրային կոմիտեի դերակատարությունը պետք է շարունակաբար հզորանա՝ հենվելով մասնագիտական ներուժի, հաշվետվողականության և երկարաժամկետ ռազմավարական մտածողության վրա։

Միաժամանակ պետք է հստակ ընդգծել, որ ջրի կառավարման հարցը չի սահմանափակվում մեկ կառույցի լիազորություններով։ Շատ բան կախված է պետական մարմինների համակարգված աշխատանքից, համայնքային կառավարման արդյունավետությունից, ինչպես նաև յուրաքանչյուր քաղաքացու վերաբերմունքից։ Ջրի օգտագործման մշակույթի ձևավորումը, խնայողության և անհատական պատասխանատվության գիտակցումը պետք է դառնան հասարակական վարքագծի մաս։ Ջուրը պետք է դիտարկվի ոչ թե որպես անսպառ ռեսուրս, այլ որպես պահպանման ենթակա ազգային արժեք։

Վստահ եմ, որ համատեղ և հետևողական աշխատանքի շնորհիվ հնարավոր է նվազեցնել կորուստները, բարձրացնել համակարգերի արդյունավետությունը և ձևավորել ջրային կառավարման այնպիսի մոդել, որը կհամապատասխանի Հայաստանի զարգացման երկարաժամկետ նպատակներին։

Այս 25 տարիները թող լինեն ոչ միայն անցած ճանապարհի հիշեցում, այլև հստակ հանձնառություն՝ առավել պատասխանատու, արդյունավետ և հեռատես աշխատանքի համար»: 

Հայերեն العربية Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն