Իրավունք

Գագիկ Ծառուկյանի առանձնատանը և հողատարածքում կատարվում է զննություն. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել

2 րոպեի ընթերցում

Գագիկ Ծառուկյանի առանձնատանը և հողատարածքում կատարվում է զննություն. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանի առանձնատանը և հողատարածքում կատարվում է զննություն։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը՝ հավելելով, որ գործողությունը կատարվում է ոչ թե նրա բնակության հասցեում, այլ մեկ ուրիշ առանձնատանը։  

«Ոչ թե իր բնակության հասցեում, այլ ուրիշ առանձնատանը, այո, տեղի է ունենում զննություն։ Ըստ էության, հարուցված քրեական գործը պարոն Ծառուկյանի հետ որևէ կապ չունի։ Այդ գործը հարուցվել է դեռևս 2020 թվականին՝ Առինջ համայնքի նախկին պաշտոնատար անձանց վերաբերյալ»,- նշեց Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ քրեական գործի շրջանակում անհրաժեշտություն է առաջացել զննել մի քանի հողատարածքներ, այդ թվում՝ Ծառուկյանին պատկանող հողատարածքը։

«Մենք որևէ առարկություն չենք ներկայացրել»,- հավելեց փաստաբանը։

Նա նաև տեղեկացրեց, որ քրեական գործը հարուցվել է 2020 թվականին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ)։

Փաստաբանի խոսքով՝ Գագիկ Ծառուկյանը տվյալ գործի շրջանակում որևէ կարգավիճակ չունի։

«Այս պահի դրությամբ որևէ կարգավիճակ չունի։ Համոզված եմ, որ չի էլ կարող ունենալ։ Բացի դրանից, պարոն Ծառուկյանը 2020 թվականին, երբ նոր էր հարուցվել գործը, ընդամենը մեկ անգամ է հարցաքննվել այդ գործի վերաբերյալ»,- ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ զննությունը կատարվում է դատարանի թույլտվությամբ։

«Քննիչը միջնորդել է դատարան, դատարանը թույլատրել է, որպեսզի փորձագետների միջոցով տեղի ունենա զննություն՝ մի քանի չափային տվյալներ, լուսանկարներ ստանալու նպատակով, որպեսզի փորձագետները կարողանան եզրակացություն տալ»,- եզրափակեց Խաչատրյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում