Երևանում կայացած միջազգային համաժողովը համախմբեց ՄՌԿ, մարքեթինգի և բիզնեսի ոլորտների առաջատար մասնագետներին
5 րոպեի ընթերցում

Երևանում փետրվարի 6-ին կայացավ «Մարդկային ռեսուրսների կառավարման մարքեթինգ և գործատուի բրենդի ձևավորում» խորագրով միջազգային համաժողովը (HR Marketing & Employer Branding International Conference), որը կազմակերպել էր Skill Event Marketing ընկերությունը` մեկ հարկի տակ համախմբելով մարդկային ռեսուրսների կառավարման, մարքեթինգի և բիզնեսի ոլորտի առաջատար մասնագետներին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համաժողովն իրականացվում էր առաջին անգամ` նպատակ ունենալով ուսումնասիրել, թե ինչպես է ձևավորվում գործատուի բրենդը և ինչպես է այն վերածվում ռազմավարական բիզնես ակտիվի: Միջոցառման ընթացքում ներկայացվեցին կազմակերպությունների իրական փորձն ու հաջողված քայլերը, ելույթ ունեցան բանախոսներ Հայաստանից և արտերկրից, կազմակերպվեցին թեմատիկ պանելային քննարկումներ, ինչպես նաև տեղի ունեցավ մասնագիտական փորձի փոխանակում:
Միջոցառման կազմակերպիչ Skill Event Marketing ընկերության հիմնադիր Սերգեյ Ուսնունցի խոսքով`այսօր ոլորտի առաջատար մասնագետների ուշադրության կենտրոնում է գործատուի բրենդի նշանակությունն ու կազմակերպության ներսում թիմերի համատեղ աշխատանքի կարևորությունը:

«Գործատուի ազդեցիկ բրենդ կառուցելու ճանապարհին բավարար չէ լինել միայն լավ մարքեթոլոգ, PR կամ HR մասնագետ: Անհրաժեշտ է, որ այս երեք ստորաբաժանումները սերտորեն համագործակցեն, իսկ թիմակիցները լավ պատկերացնեն միմյանց գործառույթները»,- նշեց Ուսնունցը:
Համաժողովի շրջանակում «Գործատուի բրենդը՝ որպես ռազմավարական ակտիվ» թեմայով ելույթ ունեցավ Ամերիաբանկի Մարդկային ռեսուրսների կառավարման ծառայության ղեկավար Աննա Վարդանյանցը: Իր բանախոսության ընթացքում նա ներկայացրեց Ամերիաբանկի փորձը` գործատուի բրենդի ձևավորումը դիտարկելով որպես կազմակերպության ռազմավարական զարգացման կարևոր ուղղություն:

«Մեզ համար նման միջոցառումներին մասնակցելը չափազանց կարևոր է: Սա հնարավորություն է կիսվելու մեր փորձով, լսելու գործընկերների մոտեցումները, հասկանալու ոլորտի զարգացման միտումներն ու սպասվող փոփոխությունները։ Սա նաև շատ կարևոր հանգրվան է՝ հասկանալու, թե հետագա տարիներին ինչ նպատակներ ենք ցանկանում իրականացնել, ինչի մասին ենք երազում,-նշեց Վարդանյանցը:
Իր ելույթի ընթացքում Ամերիաբանկի օրինակով Վարդանյանցը ցույց տվեց, թե ինչպես է գործատուի ուժեղ բրենդը ձևավորվում ներսում՝ կազմակերպության մշակույթի, արժեքների, ղեկավարության վարքագծի և աշխատակիցների ամենօրյա փորձառության շնորհիվ`վերածվելով երկարաժամկետ և կայուն մրցակցային առավելության։
«Այսօր բրենդը խոսում է մարդկանց միջոցով։ Այս պատճառով կարևոր է նաև ղեկավարների ներգրավվածությունը թիմում: Մարդիկ նայում են առաջնորդներին, վստահում նրանց և որոշում` միանալ կազմակերպությանը, թե ոչ: Դուք կարող եք կառուցել բրենդի հիանալի ռազմավարություն, ունենալ բազմաթիվ գրավիչ հրապարակումներ համացանցում, սակայն եթե աշխատակիցների փորձառությունն ու խոսքը դրանց չեն համընկնում, արդյունքը չի կարող գոհացուցիչ լինել»,- ասաց նա։
Ամերիաբանկը, կարևորելով երիտասարդների կրթությունն ու մասնագիտական զարգացումը, իրականացնում է տարաբնույթ ծրագրեր: Երիտասարդների կողմից ամենասիրված ծրագրերից մեկը` «Ամերիա Սերունդ» ծրագիրն, այս անգամ կիրականացվի նոր ձևաչափով:
«Արդեն 21 անգամ իրականացրել ենք «Ամերիա Սերունդ» ծրագիրը և ուրախ եմ հայտնել, որ շուտով կմեկնարկի նաև «Tech Generation» -ը։ Ծրագիրը հնարավորություն է ընձեռում ոչ միայն տեխնիկական մասնագիտություններ ունեցող երիտասարդներին, այլև նրանց, ովքեր արդեն ունեն մասնագիտություն, սակայն պատրաստ են փոխել ոլորտն ու ձեռք բերել նոր գիտելիքներ։ Մասնակիցների հետ աշխատելու են պրոֆեսիոնալ մենթորներ, ուսման ընթացքում նրանք վարձատրվելու են, իսկ լավագույնները հնարավորություն կունենան միանալ Ամերիաբանկի թիմին»,– նշեց Վարդանյանցը։
Աննա Վարդանյանցի համոզմամբ՝ մասնագիտական նմանատիպ միջոցառումներն արդյունավետ հարթակ են կազմակերպությունների մշակույթին, արժեքներին ու գործատուի բրենդին ավելի խորությամբ ծանոթանալու համար: