Հայաստան

Տարածքային պաշտպանության և վարժական հավաքների համակարգը պաշտպանության կարևոր բաղկացուցիչ է․ Պապիկյան

3 րոպեի ընթերցում

Տարածքային պաշտպանության և վարժական հավաքների համակարգը պաշտպանության կարևոր բաղկացուցիչ է․ Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է տարածքային պաշտպանության ուժերի, պահեստազորի և վարժական հավաքների կարևորությանը՝ դրանք գնահատելով պաշտպանության նախարարության առաջնահերթ առաքելություններից մեկը։

«Պահեստազորը, ամուր թիկունքը մեծ նշանակություն ունի երկրի պաշտպանունակության հարցում»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակված տեսանյութում նշել է նախարարը՝ ընդգծելով, որ հենց այդ նպատակով պաշտպանության ոլորտի բարեփոխումների շրջանակում ձևավորվել է տարածքային պաշտպանության և տեղական ինքնապաշտպանության համակարգը։

Պապիկյանի խոսքով՝ համակարգը ենթադրում է մշտական կառուցվածք՝ սկսած վաշտի օղակից մինչև հրամանատարական կազմ, որտեղ առկա են սպայակազմի մշտական հաստիքներ և աշխատակիցներ։

«Նրանց ֆունկցիան է վարժական հավաքների ընթացքում ընդունել պահեստազորին, պատրաստել նրանց և մարտական հերթապահության ժամանակ ապահովել ներդաշնակեցումը»,– ասել է նախարարը։

Նա նշել է, որ այս մոտեցումը կարևոր է նախկինում արձանագրված բացթողումները բացառելու համար, երբ վարժական հավաքների ընթացքում մարդիկ հաճախ չեն տիրապետել իրենց տարրական խնդիրներին։

Պաշտպանության նախարարի խոսքով՝ վարժական հավաքների տևողությունը սահմանվել է 25 օր, որպեսզի մի կողմից հնարավորինս քիչ դժվարություն և նեղություն պատճառվի քաղաքացիներին, մյուս կողմից՝ ապահովվի բավարար ժամանակ վերապատրաստման, գիտելիքների թարմացման և ստորաբաժանումների ներդաշնակեցման համար։

«Վարժական հավաքները կոչված են նաև պարզ դարձնելու, թե հնարավոր խնդիրների դեպքում ինչով պետք է զբաղվեն պահեստազորայինները և ինչպես պաշտպանեն մեր երկրի սահմանը»,– նշել է Պապիկյանը։

Նախարարը ընդգծել է, որ ամեն տարի շարունակվում են աշխատանքները համակարգի, հավաքագրման գործընթացի և վարժական հավաքների ընթացքում պահեստազորայինների կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ։

«Հորդորում եմ մեր քաղաքացիներին ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել վարժական հավաքներին, որովհետև դրանք մեր պաշտպանական համակարգի կարևոր բաղկացուցիչն են»,– ասել է Պապիկյանը։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում