5 րոպեի ընթերցում
Երևանի թիվ 147 դպրոցի բակում հանդիսավոր պայմաններում տեղի ունեցավ Քառօրյա պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի արձանի բացումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թիվ 147 դպրոցի տնօրեն Մարգարիտա Հովհաննիսյանն իր ելույթում նշեց, որ արձանի բացման արարողության օրը պատահական չի ընտրվել, քանզի այն կայացավ Հայոց բանակի տարեդարձի օրը։
«Խոր հարգանքով և խոնարհումով ենք բացում մեր ոսկե արծվի, մեր հերոս հայորդու հուշարձանը։ Այսօր մեր դպրոցում հերթական հայրենասիրական դասն է։ Քարե կերպարը լռությամբ է խոսում, բայց նրա պատգամը հնչեղ է ու հավերժական։ Այն պատմում է խիզախության, անձնազոհության ու հայրենասիրության մասին։ Հուշարձանի կողքին մեր սովորողները կկանգնեն լռությամբ, սակայն կմտածեն բարձրաձայն հայրենիքի, խաղաղության և միասնության մասին։ Այն մասին, որ խաղաղության ու սիրո համար ծնված հայ պատանին՝ Ռոբերտը, հաղթանակների վահան դարձած՝ անպարտելի ոտք դրեց անմահություն՝ սրբագործելով, հայրենին իր կյանքից բարձր դասելով»,- ասաց դպրոցի տնօրենը։
Հովհաննիսյանը պատգամեց, որ բանակի ուժը ծաղկի մեր միասնության մեջ, յուրաքանչյուր զինվոր զգա հայրենիքի սերը, իսկ նրանց ծառայությունը լինի միայն խաղաղության ճանապարհ։
Դպրոցի ուսուցիչները նշեցին, որ արձանը կոչված է հավերժացնելու Ռոբերտ Աբաջյանի հիշատակը, որի կերպարը հողի, տոկունության, ազատության և նվիրվածության խորհրդանիշ է։ Նրանց պնդմամբ՝ հուշարձանը միայն քար ու բրոնզ չէ, այլ մեր հիշողությունն է, հավատն ու երդումը, որ հերոսների անունները երբեք չեն մոռացվի, և արձանի առջև կանգնող յուրաքանչյուր ոք կզգա, թե ինչ մեծ գին են վճարել մեր հերոսները հանուն հայրենիքի և հայ լինելու իրավունքի։
Ուսուցիչների համոզմամբ՝ հետմահու «Արցախի հերոս» կոչմանն արժանացած Ռոբերտ Աբաջյանի հիշատակը մշտապես կլինի լույս ու ճանապարհ բոլորի համար, և նրա պատգամը կփոխանցվի նոր սերունդներին՝ որպես պարտքի, պատվի և արժանապատվության դաս, ինչի շնորհիվ առավել չափով կամրապնդվի բոլորի հավատը ուժեղ, պաշտպանված ու խաղաղ հայրենիքի հանդեպ։
Հուզիչ ելույթով հանդես եկավ հերոսի տատիկը՝ Անաիդա Գևորգյանը, շեշտելով, որ հայ պատանիները յուրովի են ընկալում Հայոց բանակի օրը՝ իրենց աչքերի առջև ունենալով հերոս տղաների սխրանքը։
«Նրանք կյանքը չխնայեցին և իրենց արյամբ պաշտպանեցին հայրենիքը։ Չգիտեմ, թե ինչպես այդպիսին դարձան, բայց իսկապես հզոր էին։ Նրանք մեզ թողեցին հայրենիքը՝ պատգամելով նույն սրտացավությամբ պաշտպանել մեր հողն ու ջուրը»,- ասաց հերոսի տատիկը։
Ելույթ ունեցավ նաև «Արցախի հերոս» կոչմանն արժանացած Դավիթ Առուշանյանի դուստրը՝ Լիդիան, ով ուսումնառության համար ընտրել է հենց 147-րդ դպրոցը։
«Այստեղ պահպանվում են այն արժեքները, որոնց համար զոհվեցին Ռոբերտը, հայրս և մեր բոլոր նահատակները։ Այսօր բացվում է մի երիտասարդի արձան, ով հայրիկիս պես չվերադարձավ պատերազմից, ով հայրիկիս պես հանուն հայրենիքի գնաց գիտակցված մահվան։ Երբեմն թվում է, թե բառերն այստեղ անզոր են, բայց պետք է խոսել, պետք է պատմել հերոսների մասին, որոնց հիշատակն անմահացնում ենք։ Նրանք հեռավոր պատմության հերոսներ չեն, ապրում էին մեր օրերում, ունեին երազանքներ, սիրում էին կյանքը, սակայն, միևնույն է, կատարեցին իրենց ընտրությունը և կյանքի գնով պաշտպանեցին մեզ։ Իսկ մենք կանենք ամեն ինչ՝ արժանի լինելու նրանց զոհաբերությանը »,- ասաց Լիդիա Առուշանյանը։
Հուշարձանի առջև ծաղիկների խոնարհման արարողությունից հետո խոսեցին նաև դպրոցի սաները։ Նրանք հիշատակեցին նույն կրթօջախի նախկին շրջանավարտներ՝ Արսեն Մուրադյանին, Հայկ Անտոնյանին, Բաբկեն Գրիգորյանին և Հարություն Սեմերջյանին, ովքեր զոհվել են 44-օրյա պատերազմի ժամանակ։
Հուշարձանի բացման առթիվ դպրոցի սաները հանդես եկան գեղարվեստական կատարումներով, ասմունքեցին, կատարեցին հայրենասիրական երգեր, իսկ «Ավագյան Վեդինգ Շոու» համույթի տղաները ներկայացրին ավանդական «Բերդ» պարը։