ՀՀ նախագահն ու Coca-Cola HBC-ի գործադիր տնօրենը քննարկել են մի շարք հարցեր
2 րոպեի ընթերցում

Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Coca-Cola HBC-ի գործադիր տնօրեն Զորան Բոգդանովիչի հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպման ընթացքում բարձր է գնահատվել «Կոկա-Կոլա» ընկերության և Հայաստանի միջև շուրջ երեք տասնամյակ ձևավորված արդյունավետ և կայուն համագործակցությունն՝ ընդգծելով դրա նշանակալի ներդրումը երկրի տնտեսության, աշխատատեղերի ստեղծման և սոցիալական պատասխանատվության նախաձեռնությունների իրականացման գործում։
Կողմերը քննարկել են փոխգործակցության հետագա ընդլայնման հնարավորությունները՝ մասնավորապես արտադրության զարգացման, նոր ներդրումային ծրագրերի, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանությանն ու կայուն զարգացմանն ուղղված նախաձեռնությունների համատեքստում։
Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի կենսաբազմազանության պահպանության COP-17 համաժողովին, դրա միջազգային կարևորությանը և Հայաստանի դերին գլոբալ բնապահպանական օրակարգում։ Կողմերը կարևորել են մասնավոր հատվածի ներգրավվածությունը նման հարթակներում և բնապահպանական պատասխանատու գործելակերպի խթանումը։
Հանդիպման ավարտին երկուստեք շեշտվել է առկա պատրաստակամությունը շարունակելու և խորացնելու Հայաստանի և «Կոկա-Կոլա» ընկերության միջև ձևավորված գործընկերային հարաբերությունները։