Տեսանյութ

Ի՞նչ իրավիճակ է եղել Մեղրիի անցակետում Իրանում ցույցերի օրերին

5 րոպեի ընթերցում

Վերջին շրջանում Իրանի մի շարք քաղաքներում իրականացված բողոքի ցույցերը վերածվել էին անկարգությունների, ինչն էլ լարված իրավիճակ էր ստեղծել երկրի ներսում։ Այդ զարգացումներով պայմանավորված՝ հավանական էր համարվում դեպի Հայաստան մարդկային հոսքը։ Այդ օրերին ի՞նչ իրավիճակ է եղել Մեղրիի Մաքսային անցակետում, ինչպիսի ուղևորահոսք է գրանցվել։

ԱԱԾ սահմանապահ, ՍԶ սահմանային վերահսկողության ջոկատի Ագարակ սահմանային վերահսկողության բաժանմունքի պետի տեղակալ Մանվել Պողոսյանը տեղեկացրեց, որ ուղևորահոսքի փոփոխություն նկատելի չի եղել․ ամեն ինչ ընթացել է բնականոն հունով։  

«Տոնական միջոցառումների շրջանակում մուտք գործած Իրանի քաղաքացիները նույն ընթացքում նաև իրականացրել են ելք։ Արտառոց դեպքեր կամ իրավիճակներ չեն արձանագրվել։ Այս պահին իրավիճակը նորմալ է․ ուղևորահոսքի հետ կապված ո՛չ զգալի աճ, ո՛չ էլ զգալի նվազում չի գրանցվել, և աշխատանքները շարունակվում են բնականոն ռեժիմով»,-ասաց նա։

Տեղեկություններ էին տարածվել Իրանում տպագիր փաստաթղթերի բացակայության մասին՝ պայմանավորված երկրում համացանցի խնդիրների հետ։ Մեղրիի անցակետում Ազգային անվտանգության ծառայությունը նման խնդիր չի արձանագրել։

«Տպագիր փաստաթղթերի հետ կապված Ձեր նշած խնդիրները մեր կողմից չեն արձանագրվել։ Սահմանային վերահսկողություն իրականացնելու համար բոլոր քաղաքացիները ներկայացրել են անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք համապատասխանել են սահմանված կարգին»,- նշեց Պողոսյանը։

Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության խորհրդական Արեգ Ափոյանն իր հերթին ևս հավաստիացրեց, որ փաստաթղթերը ներկայացվել են ամբողջական, և նմանատիպ որևէ խնդիր չի արձանագրվել, որը կարող էր հանգեցնել մաքսակետի ավտոկայանատեղիում մեքենաների կուտակման։

«Այսինքն՝ փաստաթղթերի խնդիր ունենալու պարագայում մեքենան չի կարող լքել մաքսակետը։ Այդ իսկ պատճառով դուք եկաք և ճանապարհին տեսաք, որ մաքսակետի ավտոկայանատեղին դատարկ է, ինչը ևս վկայում է, որ նմանատիպ խնդիր չի եղել»,– ասաց նա։

Հայաստանի պատասխանատու կառույցները Իրանի իրադարձությունների զարգացման բոլոր հնարավոր սցենարները դիտարկել էին, պատրաստվել էին՝ հաշվի առնելով այն, որ նախորդ տարի Իրանում ռազմական գործողությունների ժամանակ թռիչքների սահմանափակմամբ պայմանավորված բազմաթիվ քաղաքացիներ Հայաստանը ընտրել էին որպես տարանցիկ ուղի։  

«Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ սահմանապահ զորքերի ղեկավարության ցուցումով մեր կողմից իրականացվել են համապատասխան միջոցառումներ՝ անհրաժեշտության դեպքում դեպի Հայաստանի Հանրապետություն մեծածավալ ուղևորահոսքի մուտքն ու հակառակ ուղղությամբ շարժը բարձր մակարդակով ապահովելու նպատակով»,- նշեց ԱԱԾ սահմանապահ, ՍԶ սահմանային վերահսկողության ջոկատի Ագարակ սահմանային վերահսկողության բաժանմունքի պետի տեղակալ Մանվել Պողոսյանը։

Պատասխանատուները նշում են, որ 2026-ի հունվարի 1-ից 20-ը Իրանից Հայաստան շուրջ 200 բեռնատար պակաս է մուտք գործել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, բայց դա շատ փոքր թիվ են համարում ու կապում եղանակային պայմանների հետ։ Վարորդները միմյանց հետ կապի մեջ են և, ձնառատ եղանակով պայմանավորված, նախընտրում են դեռ չգալ Հայաստան։  

«Մաքսակետում որևէ խնդիր չենք ունեցել։ Ապրանքատեսականին դեպի Հայաստան ներկրվել է սովորական կարգով, և ապրանքատեսականու մեջ փոփոխություն չի եղել։ Բեռնատարների քանակն ու անցանելիությունը դեպի Հայաստան անցած տարվա համեմատ գրեթե նույն մակարդակի վրա են եղել՝ հաշվի առնելով եղանակային որոշ պայմաններ։ Տարվա սկզբին, բնականաբար, նկատվում է որոշակի նվազում, որը հետագայում աճի միտում է ունենում։ Բեռնատարների քանակի էական նվազում չենք արձանագրել։ Նույնը կարող ենք ասել Հայաստանի քաղաքացիների տուրիստական շարժի վերաբերյալ․ այն եղել է համաչափ՝ ինչպես նախկինում։ Արտառոց դեպքեր չեն գրանցվել»,- եզրափակեց պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության խորհրդական Արեգ Ափոյանը։

Մեղրիի անցակետի շենքը շուտով կփոխարինվի նորով, որն առավել լայն հնարավորություններ կունենա։

Աննա Գզիրյան

Տիգրանուհի Բադալյան

Ռոբերտ Օհանջանյան

Կարդացեք հոդվածը` Españolفارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում