Տնտեսություն

Հայաստանում կառուցվում է տարածաշրջանում շոկոլադի ամենամեծ գործարանը

2 րոպեի ընթերցում

Հայաստանում կառուցվում է տարածաշրջանում շոկոլադի ամենամեծ գործարանը

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունվարի 20-ին այցելել է «Վելլար գրուպ» ընկերության նոր կառուցվող շոկոլադի և հրուշակեղենի գործարան։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ 

Այցին մասնակցել է նաև Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։ 

Ընկերության ղեկավարության ուղեկցությամբ նախարարը շրջել է գործարանի տարածքով, ծանոթացել ներդրված սարքավորումներին, արտադրական հզորություններին և տեխնոլոգիական հոսքագծերին։

Ներկայում ծրագրի շրջանակում արդեն իսկ իրականացվել է շուրջ 120 միլիոն եվրոյի ներդրում, առաջիկայում նախատեսվում է ներդնել ևս 25 միլիոն եվրո։

Գործարանի տարածքը կազմում է շուրջ 25 հա։ Այն հագեցած է հիմնականում գերմանական և դանիական առաջատար ընկերություններից ներմուծված ժամանակակից սարքավորումներով։ Երեք տարվա ընթացքում նախատեսվում է գործարանի ամբողջական գործարկումը, որի արդյունքում արտադրական ծավալները կհասնեն օրական մինչև 200 տոննայի, իսկ աշխատատեղերի թիվը կհասնի մինչև 2000-ի։

Նախատեսվում է արտադրել հրուշակեղենի լայն տեսականի՝ շոկոլադե և կարամելային կոնֆետներ, սպիտակուցային և մրգային բատոններ, շոկոլադապատ թխվածքաբլիթներ և վաֆլիներ, ինչպես նաև հայկական չրեր՝ պատված բարձրորակ շոկոլադով։

«Վելլար գրուպ»-ն օգտվել է պետական օժանդակության գործիքակազմից՝ մաքսատուրքից ազատման արտոնությունից և ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց ծրագրից։

«Վելլար գրուպ»-ը շվեդական ծագմամբ GNG միջազգային բիզնես խմբի ընկերություններից է։

ՀՀ էկոնոմիկայի նախարարը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ այն լինելու է տարածաշրջանում շոկոլադի ամենամեծ գործարանը։ 

Կարդացեք հոդվածը` العربيةTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում