Ներկայացվել է Arca քարտերով անկանխիկ վճարումների հետվճարի նոր ծրագրի արդյունքները
5 րոպեի ընթերցում

Հայաստանում 2026 թվականի հունվարի 1-ից գործարկված Arca քարտերով անկանխիկ վճարումների հետվճարի նոր ծրագիրն ակտիվ փուլում է։ Ծրագրի նախաձեռնողները նկատում են Arca քարտերի ակտիվ շրջանառություն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հրավիրված մամուլի ասուլիսում «Արմենիան Քարդ» ՓԲԸ գործադիր տնօրեն Վարդան Խաչատրյանը ներկայացրեց Arca քարտերի շրջանառության վիճակագրությունը՝ նշելով, որ բանկերի կողմից թողարկվել է շուրջ 4 միլիոն քարտ։ «Այս պահին ակտիվ շրջանառության մեջ է մոտ 778 հազար Arca քարտ, որոնք պատկանում են շուրջ 623 հազար քաղաքացու։ Փաստորեն, յուրաքանչյուր երրորդ քաղաքացին ունի Arca քարտ»,- ասաց նա։

Խաչատրյանի խոսքով՝ հետվճարի ծրագրի մեկնարկից հետո Arca քարտերով անկանխիկ գործարքների ծավալներն արդեն էական աճ են արձանագրում։ «Աճը տեսանելի է դինամիկայում, և ակնկալում ենք, որ այն էլ ավելի կբարձրանա»,- նշեց նա։
Անդրադառնալով համակարգային խափանումների վերաբերյալ հարցին՝ «Արմենիան Քարդ» ՓԲԸ գործադիր տնօրեն Վարդան Խաչատրյանը նշեց, որ 2025 թվականին արձանագրվել է երեք հիմնական խափանում, որոնք պայմանավորված են եղել տեխնիկական խնդիրներով։ «Ընկերությունը պարբերաբար իրականացնում է տեխնիկական և մարդկային ռեսուրսների վերազինում, և մեր կատարած կանխատեսումների համաձայն՝ պատրաստ ենք ապահովել սպասարկումը առանց խնդիրների»,- ասաց նա։
Վարդան Խաչատրյանի խոսքով՝ ներկայում Arca քարտեր թողարկում են 10 բանկեր, իսկ ևս 4 բանկեր տեխնիկական աշխատանքների ավարտից հետո կմիանան ծրագրին մինչև փետրվարի վերջ։ Ընդհանուր առմամբ, Arca քարտեր թողարկող բանկերի թիվը կհասնի 14-ի։
«Ծրագիրը միտված է նաև ժամանակակից ֆինանսական և թվային գործիքների տարածմանը, սպառողների ֆինանսական գիտելիքների բարձրացմանն ու դրանց կիրառականության ապահովմանը»,- ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը:

Ըստ նրա՝ ծրագրի շահառու կարող են դառնալ ՀՀ հանրային ծառայության համարանիշ ունեցող կամ ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանք ունեցող այն քաղաքացիները, ովքեր ունեն ՀՀ-ում գործող, համապատասխան լիցենզիա ունեցող բանկում բացված հաշիվ և այդ հաշվին կցված Arca վճարային քարտ։
Էդգար Մկրտչյանի խոսքով՝ հետվճարը կիրառվելու է 1000 դրամից բարձր գործարքների համար։ «Մեկ գործարքի դեպքում հետվճարի առավելագույն չափը սահմանված է 6000 դրամ, իսկ մեկ սպառողի հաշվով ամսական առավելագույն հետվճարը չի կարող գերազանցել 60 հազար դրամը»,- նշեց նա՝ հավելելով, որ դա համապատասխանում է ամսական մինչև 3 միլիոն դրամ շրջանառությանը։
Փոխնախարարը նաև ներկայացրեց այն ոլորտները, որոնցում կատարված վճարումները չեն ենթարկվի հետվճարի․ դրանք են տեղեկատվության և կապի ծառայությունները, պետական և համայնքային բյուջե կատարվող վճարումները, խաղային և խաղատնային գործունեությունը, կրիպտոարժույթների և թվային ակտիվների հետ կապված վճարումները, բանկային գործարքները, ինչպես նաև օնլայն հարթակներում գործող բարձր ռիսկայնության, մեծահասակների համար նախատեսված ծառայությունները։ Բացառություն են կազմում դեղատները։
«Հետվճարը նախորդ ամսվա ընթացքում կատարված վճարումների դիմաց կփոխանցվի մինչև հաջորդ ամսվա 25-ը։ Ծրագիրը գործելու է 2026 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը կատարված վճարումների համար, իսկ հետվճարները կտրամադրվեն 2026 թվականի փետրվարից մինչև 2027 թվականի հունվար ամիսը ներառյալ»,- ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը:
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանն ընդգծեց, որ ԿԲ-ն խիստ վերահսկողություն է իրականացնում ՏՏ անվտանգության պահանջների պահպանման ուղղությամբ։ «Մեր նպատակն է ապահովել վճարային համակարգերի անընդհատությունն ու առավելագույն համապատասխանությունը բարձր չափանիշներին»,- ասաց նա։

ԿԲ նախագահի տեղակալի խոսքով՝ կառավարության և Arca-ի համատեղ նախաձեռնությունը պետք է դիտարկել որպես պիլոտային ծրագիր։ «Այն միտված է սպառողների շահագրգռվածության բարձրացմանը՝ կանխիկ վճարումներից դեպի անկանխիկ անցման համար։ Սա կարևոր քայլ է ամբողջ վճարային էկոհամակարգի զարգացման տեսանկյունից»,- ընդգծեց Հովհաննես Խաչատրյանը։
