Տնտեսություն

ԵՄ-ն աջակցում է Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման միացվածությանը և Սյունիքի էներգետիկ ու սոցիալական ծրագրերին. Մարագոս

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ն աջակցում է Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման միացվածությանը և Սյունիքի էներգետիկ ու սոցիալական ծրագրերին. Մարագոս

Հայաստանում Եվրամիության ծրագրերը ներառում են նաև էներգետիկ ոլորտի առանցքային նախաձեռնություններ՝ ուղղված տարածաշրջանային կապակցվածության և արտահանման հնարավորությունների ընդլայնմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» քննարկման ընթացքում հայտարարել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։  

Դեսպանի խոսքով՝ ԵՄ-ի գործողությունները ընթացքի մեջ են Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման միացվածության ծրագրի շրջանակներում, որը վերաբերում է Հայաստանում էներգետիկ ոլորտում իրականացվող աջակցությանը։  

«Սյունիքում իրականացվող նախաձեռնությունների շրջանակում սատարել ենք մի շարք արևային էներգիայի կայանների ենթակառուցվածքների կառուցմանը, ինչպես նաև աջակցություն ենք ցուցաբերել մասնավոր հատվածի ներդրումներին Սևանի Մասրիկ համայնքում»,- ասաց նա։

Մարագոսի խոսքով՝ այս ծրագրերի արդյունքում Հայաստանը կունենա լիարժեք էլեկտրահաղորդման ցանցերի միացվածություն հարևան երկրների հետ, ինչը էապես կխթանի էլեկտրաէներգիայի արտահանման պոտենցիալը։  

Դեսպանը նշեց, որ Սյունիքի մարզը ԵՄ-ի համար հանդիսանում է առաջնահերթ ուղղություններից մեկը։

«ԵՄ-ն արդեն ավելի քան 200 միլիոն եվրո է ուղղել Սյունիքին՝ տարբեր ծրագրերի իրականացման շրջանակում»,- ընդգծեց նա։

Մարագոսն այդ համատեքստում  նշեց Կապանում բացված «Թումո» կենտրոնը, երկու COAF կենտրոնների բացման վերաբերյալ ստորագրված համաձայնագրերը, ինչպես նաև Գորիսում գործող սոցիալական տաքսի ծառայությունը, որն ապահովում է հաշմանդամություն ունեցող անձանց տեղափոխումը։

Նա ընդգծեց, որ ծրագրերի իրականացման ընթացքում կարևոր է մարդու իրավունքների պաշտպանությունը՝ «ոչ ոք չպետք է անտեսված լինի» սկզբունքով։  

ԵՄ դեսպանի խոսքով՝ Եվրամիությունը շարունակելու է համագործակցությունը տեղական և մարզային իշխանությունների հետ՝ ինչպես էներգետիկ, այնպես էլ սոցիալական ոլորտներում ծրագրերի արդյունավետ իրականացման նպատակով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում