Սուրեն Պապիկյանը բարի ծառայություն է մաղթել զորակոչիկներին
2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը բարի ծառայություն է մաղթել պարտադիր զինվորական ծառայության մեկնող զորակոչիկներին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Սուրեն Պապիկյանը նշել է «Ֆեյսբուքի»-ի իր էջում տարածած տեսանյութում։
Պաշտպանության նախարարը նաև շնորհավորել է զորակոչիկներին 2 տարվա փոխարեն 1,5 տարվա ծառայության անցնելու առթիվ։ Նախարարը հիշեցրել է, որ նախորդ տարվա դեկտեմբերին Հայաստանի ազգային ժողովն ընդունել է օրենք՝ պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 6 ամսով կրճատելու վերաբերյալ։
«Այդ օրենքի համաձայն՝ այսօրվանից զորակոչված զինակոչիկները կծառայեն 18 ամիս՝ կես տարի պակաս, քան նախկինում, ինչի առնչությամբ ուզում եմ շնորհավորել բոլորիս, մեր զորակոչիկներին, նրանց ծնողներին, հարազատներին, մաղթել խաղաղություն և բարի ծառայություն»,-նշել է Պապիկյանը։
Ձմեռային զորակոչը կանցկացվի հունվարի 7-ից մինչև հունվարի 31-ը, իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումը կսկսվի 2026 թվականի հունվարի 8-ից և կտևի մինչև հունվարի 31-ը ներառյալ:
2025 թվականի դեկտեմբերի 16-ին ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 6 ամսով կրճատելու վերաբերյալ օրենքի նախագիծը։