Պատրաստ է ՀՖՖ 2026-2030 թվականների ռազմավարությունը, սակայն այն այս նիստին չի ներկայացվելու. Արմեն Նիկողոսյան
2 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանն ամփոփել է 2020-2025 թվականների ՀՖՖ ռազմավարությունը, սակայն չի ներկայացրել հաջորդ` 2026-2030 թվականների ծրագիրը:
«Մինչ ռազմավարությանն անդրադառնալը նշեմ, որ այն ընդունվել է 2019 թվականին, երբ Արմեն Մելիքբեկյանը ՀՖՖ նախագահը չէր ու դժվար էր կանխատեսելը, որ կլինի կովիդ, 44-օրյա պատերազմ ու կլինի ռուս-ուկրաինական հակամարտություն՝ իր բոլոր տնտեսական ու աշխարհաքաղաքական հետևանքներով: Ռազմավարությունն ունի 6 բաժին` ազգային հավաքականներ, մանկապատանեկան ֆուտբոլ, մասսայական-սիրողական ֆուտբոլ, պրոֆեսիոնալ ֆուտբոլ, կանանց ֆուտբոլ ու ենթակառուցվածքներ»,-ասաց Նիկողոսյանը:
Վերջինիս խոսքով` ազգային թիմի` մինչև 2025 թվականը Եվրոպայի կամ աշխարհի առաջնության որակավորման փուլի արգելքը հաղթահարելու խնդիրը չի լուծվել: Ռազմավարության կետերից չի իրականացվել նաև տարբեր տարիքային հավաքականների համապատասխան տարիքային մրցաշարերի եզրափակիչ փուլերի մասնակցությունը:
Ռազմավարության մեջ ընդգրկված կետերից մեկը ֆուտզալի հավաքականն է, որն իրավունք ստացավ մասնակցելու Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարին:
«Գրեթե պատրաստ է ՀՖՖ 2026-2030 թվականների ռազմավարությունը, սակայն այն այս նիստին չի ներկայացվելու: Մենք կարծում ենք, որ հանրային քննարկման առիթ պիտի լինի: Միայն հաջորդ ժողովի ժամանակ կներկայացվի ռազմավարությունը»,-առանձնացրեց նա:
Ըստ Նիկողոսյանի՝ նախորդ ռազմավարությունից առաջադրված խնդիրներից իրագործվել է 55 տոկոսը: