Ավստրալիայում ահաբեկչության ժամանակ հրաձիգին վնասազերծած տղամարդու համար հավաքագրվել է 1,6 միլիոն դոլար
2 րոպեի ընթերցում
Սիդնեյի Բոնդի լողափում դեկտեմբերի 14-ին իրականացված ահաբեկչության ժամանակ չարագործներից մեկին կանգնեցրած Ահմադ ալ-Ահմադը, որը բուժվում է ստացած վնասվածքներից, հիվանդանոցում վիրահատությունից հետո վերականգնման ընթացքում 2,5 միլիոն ավստրալական դոլար (1,6 միլիոն ԱՄՆ դոլար) է ստացել համայնքային նվիրատվություններից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
Գումարի հավաքագրմանը մասնակցել է շուրջ 40 000 մարդ։
Ահմադը ահաբեկչության ժամանակ թաքնվել է կայանված մեքենաներից մեկի հետևում և հարձակվելով ահաբեկիչներից մեկի վրա՝ խլել նրա ատրճանակը։ Այդ ժամանակ նա վիրավորվել էր ձեռքից, ամենայն հավանականությամբ, երկրորդ հրաձիգի կրակոցից։
Ըստ CBS News-ի՝ նա դեռ վեց ամիս բուժում պետք է անցնի։
Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզն այս շաբաթ տեսակցել էր Ահմադին հիվանդանոցում՝ նրան անվանելով «մարդկության ուժի օրինակ» և «երկրում լավագույնը»։
Ահմադն Ավստրալիա էր ներգաղթել Սիրիայի Իդլիբի շրջանից 2006 թվականին։ 44-ամյա տղամարդն ամուսնացած է, ունի երկու դուստր։
Ավստրալիայի Բոնդի լողափում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ, ավելի քան 40 մարդ՝ վիրավորվել։
Ահաբեկչությունն իրականացրել են 50-ամյա հայրը և 24-ամյա որդին։ Նրանցից մեկը սպանվել է, մյուսը գտնվում է հիվանդանոցում։ Հրաձգությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ լողափում տոնում էին հրեական Հանուկա տոնը։