Հայաստան

Վերանորոգված մասնաշենքեր և կրթական ծրագրեր․ մեկ օր «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում

6 րոպեի ընթերցում

Վերանորոգված մասնաշենքեր և կրթական ծրագրեր․ մեկ օր «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում

Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունը կազմակերպեց լրագրողների շրջայց «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում՝ ներկայացնելու հիմնարկում իրականացվող ծրագրերը, պահման պայմանները, ընթացող բարեփոխումները և վերասոցիալականացման ուղղությամբ տարվող աշխատանքները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շրջայցի ընթացքում լրագրողները այցելել են հիմնարկի վերանորոգված բոլոր չորս մասնաշենքերը՝ կանանց և կալանավորվածների պահման հատվածները, վերասոցիալականացման կենտրոնը, մեկուսարանը և վարչական շենքը։

«Հիմնարկի բոլոր չորս մասնաշենքերն ամբողջությամբ վերանորոգվել են․ հիմնական աշխատանքներն իրականացվել են 2024 թվականին և շարունակվել են ընթացիկ տարում։ Վերանորոգվել են նաև մեկուսարանը և վարչական շենքը, նախատեսվում է նաև բակի բարեկարգում»,- լրագրողների հետ ճեպազրույցում նշեց «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ Հեղինե Մարտիրոսյանը։

Նա տեղեկացրեց, որ հիմնարկում ներկայում պահվում է 70 ազատությունից զրկված կին, ինչպես նաև 7 անչափահաս և 3 անձ՝ մինչև 21 տարեկան։

Հիմնարկի պետի խոսքով՝ անչափահասների մեծ մասը կալանավորված է դանակահարությունների կամ գողությունների գործերով, իսկ կանանց կատարած հանցագործությունները հիմնականում սոցիալական բնույթի են՝ գողություն, խարդախություն և այլ համեմատաբար թեթև հանցատեսակներ։ Սպանության դեպքերը, ըստ Մարտիրոսյանի, հազվադեպ են, սակայն կան նաև թմրանյութերի ապօրինի շրջանառության գործերով ներգրավված անձինք։

Հիմնարկում պահվում են նաև մինչև երեք տարեկան երեխաներ ունեցող երկու մայր։

Մարտիրոսյանը կարևորեց կրթական, մշակութային և զբաղվածության ծրագրերի դերը վերասոցիալականացման գործընթացում։ Վերասոցիալականացման կենտրոնում իրականացվում են դասապրոցեսներ, կազմակերպվում են մշակութային միջոցառումներ, թատերական ներկայացումներ, համերգներ և ցուցահանդեսներ։

Նրա խոսքով՝ վերջերս «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալները ներկայացում են ցուցադրել «Աբովյան» ՔԿՀ-ում, ինչը մեծ արձագանք է ունեցել կանանց շրջանում։ Առաջիկայում նախատեսվում են նաև տարեմուտին նվիրված միջոցառումներ, այդ թվում՝ երեխաների մասնակցությամբ հանդեսներ։

«Քրեակատարողական հիմնարկում ունենք երկու կին դատապարտյալ, որոնք ընդունվել են Ուրարտուի համալսարան և հեռակա ուսուցմամբ կրթություն են ստանում»,- նշեց Մարտիրոսյանը։

«Աբովյան» ՔԿՀ պետի խոսքով՝ գրադարանն առանձնահատուկ դեր ունի հիմնարկում իրականացվող վերասոցիալականացման գործընթացում։ «Այստեղ առկա է բազմաժանր գրականություն՝ գեղարվեստական, կրթական և մանկական գրքեր, ինչպես նաև գրականություն տարբեր լեզուներով՝ ներառյալ օտարազգի դատապարտյալների համար նախատեսված նյութեր։ Կանայք ակտիվորեն օգտվում են գրադարանից»,- ասաց նա։

Հիմնարկում գործում են նաև մարզասրահ և մարզադահլիճ, որտեղ կազմակերպվում են ֆիզկուլտուրայի դասեր և մարզական խաղեր՝ վոլեյբոլ, բասկետբոլ, թենիս, ինչպես նաև հնարավոր է օգտվել վազքուղուց։ Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ կանայք այստեղ ևս ակտիվորեն ներգրավված են մարզական կյանքում և կարևորում են առողջ ապրելակերպը։

«Աբովյան» ՔԿՀ գլխավոր հոգեբան Շուշան Մաթևոսյանի խոսքով՝ հոգեբանական աշխատանքի հիմնական ուղղությունները վերաբերում են նոր միջավայրին հարմարվելուն, սթրեսի հաղթահարմանը և միջանձնային հարաբերությունների կարգավորմանը։

Նրա տեղեկացմամբ՝ հիմնարկում կան անձինք, որոնց մոտ արձանագրվել են սուիցիդալ մտքեր կամ ինքնավնասման փորձեր, և նրանց հետ իրականացվում է շարունակական մասնագիտական աշխատանք։

Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը ընդգծեց, որ քրեակատարողական հիմնարկներում կրթական ծրագրերի իրականացումը համակարգում է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Նրա խոսքով՝ դատապարտյալ կանայք հնարավորություն ունեն աշխատելու՝ վճարովի կամ անվճար հիմունքներով։ Վճարովի աշխատանքները ութժամյա են, իսկ անվճարը՝ օրական մինչև երկու ժամ։ Աշխատանքային գրաֆիկը կազմվում է այնպես, որ չխանգարի կրթական և վերասոցիալականացման ծրագրերին։

Քրեակատարողական ծառայությունը համագործակցում է նաև բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ՝ «Աբովյան» ՔԿՀ-ում կարի արտադրամաս ստեղծելու նպատակով։ Աշխատավարձերը փոխանցվում են դատապարտյալների անձնական հաշիվներին, և նրանք կարողանում են ինքնուրույն տնօրինել այդ միջոցները։

Շրջայցի ընթացքում 55-ամյա դատապարտյալ Վ․ Հ-ն նշեց, որ պահման պայմանները նորմալ են, կապը ընտանիքի հետ պահպանվում է, իսկ ազատ ժամանակը նա հիմնականում հատկացնում է ընթերցանությանը։

«Ամանորին բոլորին ազատություն եմ մաղթում, որ իրենց ընտանիքների գրկում դիմավորեն տոնը»,- ասաց նա։

 

 

 

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում