Պետությունը հավակնում է զբոսաշրջության ոլորտում թիվ մեկ ներդրողը լինել․ ՀՀ էկոնոմիկայի նախարար

5 րոպեի ընթերցում

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն անցկացրեց տարեկան ամփոփիչ միջոցառումը, որի շրջանակում բացման խոսքով հանդես եկավ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով ոլորտի ձեռքբերումներին և հետագա ծրագրերին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարը նշեց, 2025 թվականը եղել է ձեռքբերումների տարի, և այդ ձեռքբերումները գրանցվել են օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչների, Զբոսաշրջության կոմիտեի համատեղ գործողությունների, ինչպես նաև ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների, միջազգային կառույցների, գիտական-ակադեմիական շրջանակների, գործարար համայնքի ներկայացուցիչների հետ համատեղ աշխատանքի շնորհիվ։ 

«Այն, որ տարին հաջողված է, այդ մասին վկայում են նաև վիճակագրական ցուցանիշները։ Նախորդ վեց ամիսների ընթացքում Հայաստան եկած զբոսաշրջիկների թվաքանակն աննախադեպ է, ինչը պայմանավորված է բազմաթիվ հանգամանքներով՝ սկսած ոլորտի պատասխանատուների ամենօրյա աշխատանքից, վերջացրած աշխարհաքաղաքական իրողություններով և փոփոխություններով։ Մենք շարունակաբար ռեկորդներ ենք արձանագրում, ինչը նշանակում է, որ տվյալ բնագավառում ունենք շարունակական աճ։ Դա զբոսաշրջության համար ունի շատ կարևոր նշանակություն»,- ասաց Պապոյանը։

Նախարարը հավելեց, որ ՀՀ կառավարությունում դրական եզրակացության է արժանացել զբոսաշրջության ռազմավարական ծրագիրը, որը թույլ է տալու հաջորդ հնգամյակում կենտրոնանալ թիրախային գործողությունների վրա։ 

«Ազգային ժողովի հետ զուգահեռաբար աշխատում ենք վարկային ծրագրի վրա, որը թույլ է տալու 120,5 միլիոն եվրո ծախսել՝ ոլորտում փոփոխություններ ու ենթակառուցվածքային ներդրումներ կատարելու համար։ Պետությունը դրանով իսկ հավակնում է ոլորտում թիվ մեկ ներդրողը լինել։ Շատ մեծ շեշտադրում ենք կատարել նաև առկա շուկաներում ամրապնդվելու և նոր շուկաներ ձեռք բերելու վրա, բայց դա միայնակ անել չենք կարող։ Պետությունը կարող է մասնակցել ցուցահանդեսների, բայց դրանց պետք է հաճախեն շահագրգիռ բոլոր կողմերը՝ ներկայացնելով Հայաստանը, վաճառելով տուր-փաթեթները, ընդունելով մարդկանց, սպասարկելով այնպես, որ նրանք պատմեն Հայաստանի մասին և նորից հետ վերադառնան մեր երկիր։ Սա մի ճանապարհ է, որ պետությունն ու բիզնեսը պետք է միասին անցնեն»,- ասաց էկոնոմիկայի նախարարը։ 

Պապոյանի կարծիքով՝ զբոսաշրջության ռազմավարությունը թույլ կտա ավելի մեծ միջոցներ հատկացնել արտաքին շուկաներում ոչ միայն ներդրումներ կատարելու, այլև այդ շուկաներում Հայաստանի գրավչությունը շարունակաբար մեծացնելու առումով։

«2025 թվականի ընթացքում էկոնոմիկայի նախարարությունը զբոսաշրջության ոլորտին վերաբերող մոտ մեկ տասնյակ ենթաօրենսդրական ակտեր է ընդունել, որոնք միտված են ոլորտը կարգավորելուն։ Մի քանիսն էլ կան, որ կընդունվեն մինչև գալիք տարվա փետրվար-մարտ ամիսները։ Այդ ժամանակ ամբողջ փաթեթը կարող ենք ավարտված համարել և զբոսաշրջության ոլորտում կգործենք կանոնակարգված ու բազմաթիվ հարցերի շուրջ կոնսենսուսային որոշումներ ընդունած։ Զբոսաշրջության կոմիտեն նույնպես եղել է բաց, միշտ պատրաստ՝ զրուցելու բիզնեսի, կառավարության և Ազգային ժողովի գործընկերների հետ»,- նշեց նախարարը։

Նա տեղեկացրեց, որ վերջին տարվա ընթացքում բավականին մեծ ուշադրություն է դարձվել նաև բժշկական զբոսաշրջությանը, քանզի ոլորտում կատարվել է մեծածավալ աշխատանք։ Փորձ է արվում այդտեղ ներդնել թվայնացման գործիքակազմ՝ սերտորեն համագործակցելով առողջապահության նախարարության հետ։ Նախարարի պնդմամբ՝ այդ ուղղությամբ նույնպես կլինեն ենթաօրենսդրական լուծումներ։ 

Պապոյանը շեշտեց, որ օգոստոսի 8-ից հետո, երբ Վաշինգտոնում ստորագրվեցին հայտնի համաձայնագրերը, մեր տարածաշրջանում առկա է առանձնահատուկ իրավիճակ, որին պետք է հավուր պատշաճի արձագանքեն ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական հաստատություններն ու միջազգային կազմակերպությունները։ 

«Մեզ մոտ հաստատվել է խաղաղություն, միջազգային հանրությունը նույնպես ընդունում է այդ իրողությունը, իսկ դա նշանակում է, որ հաստատված խաղաղությանը համահունչ՝ ՀՀ-ն ստանում է նոր ազդակներ, և ապագայում տեսանելի կլինեն ավելի խոշոր ազդակներ։ Հայաստանն ունի զբոսաշրջային բավականին մեծ կարողություններ, ուստի պետք է յուրովի գնահատենք ու մեծ ուշադրություն դարձնենք զբոսաշրջային ակտիվների հանրահռչակմանը։ Մենք շարունակելու ենք աշխատել ոլորտի համար կանխատեսելի, աջակցող և գործընկերային միջավայր ստեղծելու ուղղությամբ՝ շահագրգիռ կողմերի հետ սերտ համագործակցությամբ»,- եզրափակեց էկոնոմիկայի նախարարը։ 

  

 

Հայերեն English Français Русский