Արայիկ Հարությունյանը Գավառի մշակույթի կենտրոնում հանդիպել է ԼՂ–ից տեղահանված անձանց հետ
1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Գավառի մշակույթի կենտրոնում հանդիպել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց հետ, որոնք բնակություն են հաստատել Գավառում ու հարակից բնակավայրերում:
Հանդիպմանը մասնակցել են նաև Կառավարության շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները:
Ինչպես «Արմենպրես»–ը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, հնչել են հիմնականում սոցիալական աջակցությանը, զբաղվածության և բնակարանային ապահովման ծրագրերի հնարավորություններին, քաղաքացիության ստացման կարգին, պահանջվող փաստաթղթերին, կրթության ապահովմանը վերաբերող հարցեր:
Կառավարության ներկայացուցիչները պատասխանել են հանդիպման մասնակիցներին հետաքրքրող մի շարք հարցերի, տվել անհրաժեշտ պարզաբանումներ:
Բարձրացված խնդիրներն անհատապես հասցեագրվել են, առաջարկվել Կառավարության կողմից իրականացվող առավել համապատասխան ծրագրերը: