ՆԳՆ-ն ընդլայնում է միջազգային գործընկերների հետ համագործակցությունը. նախարարը Բրյուսելում երկկողմ հանդիպումներ է ունեցել

3 րոպեի ընթերցում

ՆԳՆ-ն ընդլայնում է միջազգային գործընկերների հետ համագործակցությունը. նախարարը Բրյուսելում երկկողմ հանդիպումներ է ունեցել

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Բելգիայի Թագավորություն աշխատանքային այցի շրջանակում մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել։ «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։

Արփինե Սարգսյանը Բրյուսելում հանդիպել է Մոլդովայի ՆԳ նախարար Դանիելլա Միսաիլ-Նիչիտինին։

Քննարկվել են կազմակերպված հանցավորության, հիբրիդային սպառնալիքների և կիբեռհանցագործությունների դեմ պայքարի ուղղությամբ համագործակցությանն առնչվող հարցեր։ 

Ընդգծվել է հատկապես կրիպտոարժույթով կատարվող հանցագործությունների բացահայտման ուղղությամբ կարողությունները զարգացնելու անհրաժեշտությունը։ Անդրադարձ է կատարվել նաև ՆԳՆ կրթական հաստատությունների փոխգործակցությանը վերաբերող հարցերի։

Եվրոպական սահմանային և ափամերձ տարածքների պահպանության գործակալության (FRONTEX) գործադիր տնօրեն Հանս Լեյտենսի հետ հանդիպմանը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը կարևորել է ԵՄ հետ ակտիվ երկխոսությունը՝ ներկայացնելով վիզաների ազատականացման համատեքստում ընթացող բարեփոխումները։ 

Կողմերը քննարկել են սահմանների կառավարման և անվտանգության ոլորտին վերաբերող մի շարք հարցեր։

ՆԳ նախարարն, անդրադառնալով բիոմետրիկ համակարգի ներդրման ուղղությամբ կատարված աշխատանքներին, ընդգծել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների շրջանակում դրանց ռազմավարական նշանակությունը։

Արփինե Սարգսյանը կարևորել է Ֆրոնտեքսի հետ բազմակողմանի համագործակցությունը և ընդգծել այն ընդլայնելու պատրաստակամությունը։ 

Հանս Լեյտենսը այցի համար շնորհակալություն հայտնելով նախարար Սարգսյանին՝ բարձր է գնահատել ՆԳ նախարարության հետ արդյունավետ համագործակցությունը։ 

Կողմերը փոխադարձ այցերը շարունակելու պայմանավորվածություն են ձեռք բերել։

Արփինե Սարգսյանը հանդիպել է նաև Բելգիայի Թագավորության անվտանգության և ներքին գործերի նախարար Բեռնար Կանտանի հետ։

Նախարար Սարգսյանն ընդգծել է երկու երկրների միջև ձևավորված գործընկերային հարաբերությունների ամրապնդման և շարունակական զարգացման կարևորությունը։

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցության ընդլայնման, մասնավորապես՝ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների արդյունավետ փոխգործակցության, կրթական ոլորտում կարողությունների զարգացման ուղղությամբ հարցեր:

Նախարար Սարգսյանը նաև շփումներ է ունեցել Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլի ու մի շարք այլ երկրների գործընկերների հետ։

ՆԳՆ-ից հիշեցրել են՝ Բրյուսել կատարած այցի շրջանակում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մասնակցել է Միգրանտների անօրինական միգրացիայի կազմակերպման դեմ պայքարի գլոբալ դաշինքի երկրորդ միջազգային համաժողովին, որին ներկա են եղել շուրջ 80 պատվիրակություններ։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում