«Լեգիա»-ի դեմ չենք խաղալու տպավորելու համար. «Նոա»-ի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչ
2 րոպեի ընթերցում

Երևանի «Նոա»-ի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը վստահեցնում է, որ իր ֆուտբոլիստները լարվածություն չեն զգում Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի նախավերջին տուրի Վարշավայի «Լեգիա»-ի դեմ խաղից առաջ:
«Ֆուտբոլիստները լարվածություն չեն զգա, քանի որ սկսած այս տարվա հունիսից մենք մեծ աշխատանք ենք կատարել այստեղ, այս փուլին հասնելու համար: Հրաշալի գիտակցում ենք, թե ինչ կարևորություն ունի այս հանդիպումը հայկական ֆուտբոլի համար, սակայն ամբողջությամբ կենտրոնանում ենք հանդիպման ու մեր խաղի վրա: Այժմ ունենք 5 միավոր մեր նախորդ խաղերից ու ամբողջությամբ արժանի ենք վաստակած ամեն միավորին: Ու հույս ունենք, որ հաջորդ 3 միավորը պատմություն կկերտի հայկական ակումբային ֆուտբոլի համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Պերկովիչը:
Գլխավոր մարզչի խոսքով` «Նոա»-ի ֆուտբոլիստները պետք է ապացուցեն, որ հստակ պատճառ ունեն ակումբի շապիկը կրելու համար:
«Մենք «Լեգիա»-ի դեմ չենք խաղալու տպավորելու համար, այլ խաղալու ենք «Նոա» ակումբի համար»,-առանձնացրեց նա:
Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի նախավերջին տուրում Հայաստանի չեմպիոն «Նոա»-ն Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կընդունի «Լեգիա»-ին: Հաղթանակի դեպքում «Նոա»-ն իր տեղը կապահովի Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆում: Հանդիպումը կմեկնարկի 21:45-ին: