Երևանում տեղի ունեցավ միջազգային համաժողով՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
6 րոպեի ընթերցում
Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Երևանում տեղի ունեցավ միջազգային համաժողով՝ «Էթիկական չափորոշիչները իրավահավասարության և հակախտրականության երաշխավորման ոլորտում» խորագրով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համաժողովի բացման խոսքում ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը նշեց, որ համաժողովը նպատակ ունի հասցեավորել հաճախ ուշադրությունից դուրս մնացող և երկրորդական դիտարկվող էթիկական սկզբունքների դերը մարդու իրավունքների պաշտպանության, իրավահավասարության և հակախտրականության երաշխավորման բնագավառում, ինչպես նաև ձևավորելու համագործակցային հարթակ պետական մարմինների, քաղաքացիական հասարակության, մասնագիտական շրջանակների, միջազգային գործընկերների միջև՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանության, խտրականության բացառման և բոլորի համար հավասար հնարավորությունների ստեղծման կառուցակարգերի կատարելագործմանը։
«Էթիկական չափորոշիչները պետք է առանցքային դերակատարություն ունենան իրավունքների պաշտպանության ամբողջ համակարգի դիտանկյունից, և այս առումով մեր միջավայրում առկա բազում խնդիրները պետք է ստանան շուտափույթ լուծում։ Այդ համատեքստում խիստ կարևորում եմ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող մասնագետների, պետական մարմինների ներկայացուցիչների, քաղաքացիական հասարակության ու զանգվածային լրատվության միջոցների ակտիվ համագործակցությունն ու էթիկական ստանդարտներին համապատասխան գործելակերպի որդեգրումը»,-ընդգծեց Մանասյանը։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորելով Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ, ընդգծեց, որ անկախությունից ի վեր Հայաստանը միացել է մարդու իրավունքների դաշնագրային համակարգի գործիքների բացարձակ մեծամասնությանը և շարունակաբար կատարելագործում է դրանցով ստանձնած պարտավորությունների իրականացման համակարգերը:
«Անկախությունից մեկ տասնամյակ հետո՝ դառնալով Եվրոպայի խորհրդի անդամ և զգալիորեն բարեփոխելով իր օրենսդրությունը, Հայաստանը գիտակցված ընտրություն կատարեց՝ շարժվել դեպի ժողովրդավարական կառավարման առավել հավակնոտ, հաշվետու ու թափանցիկ կառուցակարգերը, որոնք մեր քաղաքացիներին հնարավորություն են տալիս օգտվել միջազգային արդարադատության, և մասնավորապես՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործիքակազմից: Ուրախ եմ արձանագրել, որ այսօր իրավունքահեն մոտեցումներն ու օրենքի գերակայությունը Հայաստանի կառավարության բարեփոխումների ծավալուն օրակարգի հիմք են և ոլորտային քաղաքականության առաջնայնությունը»,-նշեց նախագահը։
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը համոզմունք հայտնեց, որ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը հիշեցնում է այն հիմնական արժեքների պաշտպանության մասին, որոնց վրա կառուցվում է ժամանակակից ժողովրդավարական հասարակությունը՝ մարդկային արժանապատվություն, ազատություններ, հավասարություն:
«Մենք շարունակում ենք հետևողականորեն կատարելագործել մարդու իրավունքների ոլորտին առնչվող օրենսդրությունը: Բացի այդ, պարտավոր ենք երաշխավորել, որ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ առանձնահատկություններից, հնարավորություն ունենա լիարժեք օգտվելու իր իրավունքներից ու ազատություններից: Այս համատեքստում ուզում եմ արձանագրել, որ «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի նախագիծը գտնվում է ակտիվ քննարկման փուլում: Օրենքի ընդունումից հետո վերոնշյալ գործառույթները վերապահվելու են հենց Մարդու իրավունքների պաշտպանին, ինչը էապես կընդլայնի ՄԻՊ-ի գործառույթները ու հնարավորություն կտա առավել համակարգված արձագանքել անհավասարության դեպքերին»,-ասաց ԱԺ նախագահը։
Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի խոսքով՝ Հայաստանն իր զարգացման առանցքում է դրել մասնավորապես մարդու իրավունքների պաշտպանությունը։
«Եվրամիության հանձնառությունը, ուղղված մարդու իրավունքների պաշտպանության և այդ համակարգի զարգացմանը տեսանելի է լայն շրջանակով, Հայաստանին տրամադրվող կարճաժամկետ և երկարաժամկետ աջակցության միջոցով։ Մենք միայն ստանդարտներ չենք ստեղծում, ներդրումներ ենք անում այն կառույցներում, որոնք պահպանում են այն։ Միաժամանակ՝ ռազմավարական է Մարդու իրավունքների պաշտպանի կառույցներին տրամադրվող աջակցությունը, քանզի համարում ենք, որ դրանք հիմնական ռիսկերի վաղ հայտնաբերման և հաշվետվողականության պահպանման առանցքն են»,-հավելեց նա։
ՀՀ-ում Միավորված ազգերի կազմակերպության մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին կարևորեց մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ Հայաստանի ձեռնարկած քայլերը։
Նրա խոսքով՝ իրենց կառույցը սերտորեն համագործակցում է Հայաստանի կառավարության հետ՝ ջատագով լինելով «Հավասարության երաշխավորման մասին» օրենքի։
«Հույս ունենք, որ Եվրամիության հետ ստանդարտների մոտարկման ընդունումը լրացուցիչ թափ կհաղորդի այդ օրենքին և խտրականության ու հավասար իրավունքի ստանդարտներն օրենսդրությամբ ամրագրելուն»,-ասաց ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչը՝ կարևորելով նաև այդ օրենքների ու ստանդարտների կիրարկման համար կուռ կառույցների առկայությունը։
Այնուհետև համաժողովը շարունակվեց պանելային քննարկմամբ՝ «Պետական մարմինների, մասնագիտական համայնքների ու ԶԼՄ-ների համագործակցությունը իրավահավասարության խթանման և խտրականության դեմ պայքարում» թեմայով։