Երևանում Աղոթքի նախաճաշի մասնակիցները հերքում են պնդումները, թե Հայաստանի վարչապետը պատերազմում է քրիստոնեության դեմ. CBN-ի հոդվածը
3 րոպեի ընթերցում
Ամերիկյան քրիստոնեական լրատվական ցանցը՝ The Christian Broadcasting Network (CBN), անդրադարձել է Հայաստանում առաջին անգամ անցկացված Աղոթքի նախաճաշին՝ նշելով, որ դրանց մասնակցած տեղական և ԱՄՆ հոգևոր առաջնորդների գնահատմամբ՝ իրականությանը չեն համապատասխանում շրջանառվող պնդումները, թե «Հայաստանի վարչապետը պատերազմում է քրիստոնեության դեմ»։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նյութի հեղինակ Չաք Հոլթոնը հիշեցնում է, որ ամերիկացի մեդիա դեմք Թաքեր Կարլսոնը նախկինում հայտարարել էր, թե Հայաստանի վարչապետը «պատերազմում է քրիստոնեության հետ»։ Սակայն, ըստ հոդվածի հեղինակի, Երևանում կրոնական կյանքը ազատ է․ եկեղեցիները բաց են, հոգևորականները նստում են պետական ղեկավարների կողքին, իսկ Աղոթքի նախաճաշին մասնակցում են հայկական ու ամերիկյան հոգևոր առաջնորդներ։
Հոդվածի հեղինակը հիշատակել է հայ փորձագետներին, որոնք վիճարկում են Հայաստանի իշխանությունների հասցեին հնչող մեղադրանքները, թե Հայաստանում հոգևորականների ձերբակալությունները կապ ունեն նրանց դավանանքի հետ։
Նա մեջբերել է քաղաքական վերլուծաբան Էլեն Հոխիկյանի հայտարարությունն այն մասին, որ ձերբակալված հոգևորականներից առնվազն երկուսը ներգրավված են եղել ակտիվ քաղաքականության մեջ։
«Թույլ տվեք դա այսպես ձևակերպել. նրանցից մեկը զինվորականներին կոչ էր անում իրականացնել պետական հեղաշրջում, և անգամ կրկնել էր իր այդ դիրքորոշումը։ Մյուսը նախաձեռնել էր ընդդիմադիր շարժում։ Սա, որոշ իմաստով, խթանեց Ռուսաստանի ավելի ակտիվ միջամտությունը Հայաստանի արտաքին գործերին»,- նշել է Հոխիկյանը։
Հոդվածի հեղինակի խոսքով՝ այս քաղաքական բախումները տեղի են ունենում այն փուլում, երբ Հայաստանը փորձում է նվազեցնել Ռուսաստանի երկարամյա ազդեցությունը։ Միաժամանակ, ԱՄՆ-ի որոշ քրիստոնյա առաջնորդներ, որոնք հանդիպել են Հայաստանի վարչապետի հետ, նշում են, որ «քրիստոնեության դեմ պատերազմի» մասին պնդումները ոչ միայն սխալ են, այլ նաև ծառայում են Ռուսաստանի շահերին։
Հոդվածագիրը հիշատակել է նաև ԱՄՆ ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Լուի Գոմերտի խոսքերը, որը մասնակցել է Երևանում կայացած Աղոթքի նախաճաշին։ Գոմերտը պատմել է, որ իր ընկերները իրեն հոդվածներ են ուղարկել և հարցրել՝ «արդյոք տեղյա՞կ է, որ Հայաստանի վարչապետը պատերազմ է սկսել քրիստոնեության դեմ»։
«Կարդացի այդ հոդվածները, ուսումնասիրեցի հարցը և ինձ վստահելի մարդկանցից տեղեկացա, որ նա չի պատերազմում քրիստոնեության դեմ։ Ես եկա, մի քանի օր անցկացրեցի նրա հետ, մասնակցեցի երկու Աղոթքի նախաճաշի, անձամբ հանդիպեցի նրա հետ և լսեցի նրան։ Եվ հասկացա, որ նա քրիստոնեության դեմ պայքարող մարդ չէ։ Նա փորձում է գործել քրիստոնեական և աստվածաշնչյան սկզբունքների համաձայն։ Ես շատ տպավորված եմ նրանով։ Բայց երբ փորձում ես անել այն, ինչ նա է անում, այդպիսի հարձակումների ես ենթարկվում»,- նշել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին անդամը։