Աղետի դասերը պարտավորեցնում են կատարելագործել աղետների ռիսկի նվազեցման համակարգերը․ Շիրակի մարզպետ
3 րոպեի ընթերցում

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը պետության համար առաջնահերթություն է համարում անվտանգ, դիմակայուն և զարգացող երկիր կառուցելը, որտեղ մարդկային կյանքի և անվտանգության բարձր չափանիշները պետության անքննարկելի արժեքներն են։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին Դավիթ Առուշանյանը նշել է Երկրաշարժի զոհերի հիշատակին և աղետներին դիմակայելու օրվա կապակցությամբ հրապարակած ուղերձում, որում ընդգծել է, որ անվտանգ, դիմակայուն և զարգացող երկիր կառուցելու համար անհրաժեշտ է շարունակաբար ուժեղացնել պետության ինստիտուտները և խթանել համազգային համախմբվածությունը։ Մարզպետը նաև անդրադարձել է այն մեծ ու անպարտելի ոգուն, որն արտահայտվել է աղետից հետո՝ միասնության և փոխօգնության ձևով։ Նա համոզմունք է հայտնել, որ նման ոգով շարունակելու են առաջընթացը՝ որպես պետություն և հասարակություն։
«Անցած 37 տարիները մաքառման, պայքարի, ապրելու, արարելու տարիներ էին։ Աշխարհն ականատես եղավ, թե ինչպես տառապանքը վերածվեց համաշխարհային համախմբման, ինչպես ցավի մոխիրներից վեր հառնեց մարդասիրությունը։ Միմյանց օգնելու պատրաստակամությունն ու միասնականությունը դարձան մեր համազգային տոկունության լուռ վկաները»,- նշել է մարզպետը՝ հավելելով, որ այսօր, երբ աղետից հետո նոր սերունդ է ձևավորվում, Շիրակի բնակիչների համար առավել կարևոր է սեփական ուժերի նկատմամբ վստահության վերականգնումը՝ ապագայի հանդեպ լավատեսության ամրապնդմամբ։
«Մեր պարտքն է կառուցել անվտանգ, դիմակայուն և զարգացող երկիր, որտեղ մարդկային կյանքն ու անվտանգության բարձր չափանիշները պետության անվիճարկելի առաջնահերթությունն են։ Աղետի դասերը մեզ պարտավորեցնում են մշտապես վերանայել և կատարելագործել աղետների ռիսկի նվազեցման ու արձագանքման համակարգերը, ուժեղացնել քաղաքացիական պաշտպանությունը, բարձրացնել համայնքների պատրաստվածությունը»,- ընդգծել է Շիրակի մարզպետը։
Դավիթ Առուշանյանը հիշատակել է նաև ՀՀ կառավարության առաջնահերթ ծրագրերը՝ բնակչության բնակարանային ապահովման հարցերն ու կրթական հաստատությունների կառուցումը, որոնք աննախադեպ ծավալներ են ստացել՝ «Մինչև 2026 թվականը 300 դպրոց և 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում։ Նշվել է, որ պետությունը շարունակելու է ենթակառուցվածքների վերականգնման և բարելավման աշխատանքները՝ նպատակ ունենալով լուծել տարածաշրջանի կարևորագույն խնդիրները։
«Այս նախաձեռնությունները հստակ արտահայտում են պետության դիրքորոշումն ու պատասխանատվությունը հիմնախնդիրների լուծման նկատմամբ: Հավերժ փառք ու խոնարհում անմեղ զոհերի հիշատակին։ Ուժ և տոկունություն նրանց, ովքեր շարունակում են կրել այդ ցավի ծանրությունն իրենց սրտերում։
Թող այսուհետ անցյալի ցավը վերածվի ապագայի համոզիչ ու ամուր կառուցման ուժի, վերածվի տոկունության, որով կկառուցենք ամուր, անվտանգ և հույսով լցված տուն, քաղաք, Գյումրի, Շիրակ աշխարհ»,- ասել է նա։