Գյումրու սիմֆոնիկ նվագախումբը հանդես եկավ երկրաշարժի զոհերի հիշատակի ոգեկոչման համերգային ծրագրով
2 րոպեի ընթերցում
Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը, ավանդույթի համաձայն, Սպիտակի ավերիչ երկրաշարժի տարելիցի նախօրեին՝ դեկտեմբերի 6-ի երեկոյան, ներկայացավ հանդես եկավ երկրաշարժի զոհերի հիշատակի ոգեկոչման համերգային ծրագրով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս անգամ նվագախումբը ներկայացրեց իտալացի կոմպոզիտոր Ջովաննի Բատիստա Պերգոլեզիի հայտնի Stabat Mater ստեղծագործությունը:
Մենակատարները՝ Հեղինե Սարուխանյան (սոպրանո) և Սյուզաննա Բարէ (մեցցո-սոպրանո), նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Արմեն Կարճյան: Նվագախմբի հետ այս անգամ ելույթ ունեցավ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի կամերային երգչախումբը, խմբավար՝ Արփինե Մանուկյան:
«Այս ստեղծագործությունը ներկայացվեց որպես վերածնվող քաղաքի և սերնդի խորհրդանիշ: Այսօրվա լեցուն դահլիճում տարբեր սերունդների ներկայացուցիչներ էին՝ մարդիկ, որոնք իրենց կյանքում տեսել են երկրաշարժը, ինչպես նաև նրանք, որոնք պարզապես լսել էին իրենց ծնողներից ու տատիկներից: Նրանք եկել էին այսօր հիշելու: Ապրող սերունդը վերստին ապրեցնում է Գյումրին ու գյումրեցիներին․ ոչ մի աղետ չի կարող կոտրել մեր կամքը»,- համերգից հետո «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց նվագախմբի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը:
Նշենք նաև, որ հատուկ այս համերգի համար ստեղծվել էր և դահլիճում ցուցադրվում էր Ժակլինա Սարգսյանի «Երկրաշարժ» կտավը: