4 րոպեի ընթերցում
Հայաստանը 2025 թվականին արձանագրել է զբոսաշրջիկների թվի աննախադեպ աճ և միջազգային հեղինակավոր կազմակերպություններից ստացել երեք կարևոր մրցանակ, որոնք հաստատում են երկրի աճող գրավչությունը համաշխարհային զբոսաշրջային քարտեզում։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը՝ նշելով, որ վեց ամսվա ընթացքում՝ սկսած մայիս ամսից, Հայաստանն ունեցել է զբոսաշրջիկների թվի պատմական ռեկորդ։

«2019 թվականի նոյեմբերի այցելությունների թվի համեմատ արձանագրվել է 26 տոկոս աճ, իսկ անցած տարվա նոյեմբերի համեմատ՝ 15.4 տոկոս աճ։ Ընդհանուր առմամբ, հունվար-նոյեմբեր ժամանակահատվածի համեմատական աճը նախորդ տարվա նկատմամբ կազմել է 2 տոկոս՝ հաշվի առնելով, որ այս տարվա մայիսին տարածաշրջանում տեղի ունեցած կարճատև պատերազմը (Խմբ․՝ Իսրայել-Իրան հակամարտություն) բացասաբար է ազդել այդ ամիսների զբոսաշրջային հոսքերի վրա։ Այնուամենայնիվ, տարին ամփոփում ենք պատմական ռեկորդներով»,- ընդգծեց կոմիտեի նախագահը:
Տարվա կարևոր հաղթանակը Լուսինե Գևորգյանը համարում է Հայաստանի կառավարության կողմից ընդունված՝ կոմիտեի հնգամյա ռազմավարական ծրագիրը՝ 2026-2030 թվականների գործողությունների պլանը:

«Տարին ամփոփում ենք հաղթանակներով։ Այսպես կարող եմ ասել՝ կարևորագույն ձեռքբերումը երեկ Հայաստանի Հանրապետության կառավարությունում վարչապետի մոտ քննարկված և վարչապետի կողմից ընդունված հնգամյա ռազմավարական ծրագիրն է։ 2026–2030 թվականների գործողությունների պլանը հաստատվեց, և մենք շատ ուրախ ենք այս փաստի կապակցությամբ։ Փաստաթղթի վրա մենք աշխատել էինք մոտ մեկ տարի, և երեկ այն ընդունվեց։ Սա համարում եմ տարվա լավագույն օրենսդրական աշխատանքը»,- ասաց Գևորգյանը:
Կոմիտեի նախագահը նշեց նաև, որ չորս ենթաօրենսդրական ակտեր են ներկայացրել Կառավարություն։ Երկուսն ընդունվել է, երկուսն՝ ընդունման փուլում է։

«Հուսով ենք՝ մինչև տարեվերջ այդ ենթաօրենսդրական ակտերն էլ կընդունվեն։ Օրենսդրական առումով, կարծում եմ, սա հաղթանակների տարի է, որովհետև ռազմավարական փաստաթուղթ ունենալը ցանկացած ոլորտի համար անձից կախված չլինելու, մեկ անձի որոշումներով չառաջնորդվելու գրավականն է։ Կարծում եմ՝ սա հիմնասյուն կարող է հանդիսանալ հաջորդ հինգ տարիների զբոսաշրջության զարգացման համար»,- ընդգծեց Լուսինե Գևորգյանը:
Խոսելով տարվա ևս մեկ հաջողությունից՝ Գևորգյանն ընդգծեց՝ այս տարի Զբոսաշրջության կոմիտեն տարբեր միջազգային հարթակներում ստացել է երեք մրցանակ։
«Բեռլինում Հայաստանը ճանաչվել է «Լավագույն արկածային ուղղություն 2025», Wanderlust ամսագիրը Հայաստանը ներառել է տարվա 10 լավագույն զբոսաշրջային ուղղությունների շարքում, իսկ աշխարհում զբոսաշրջության ոլորտի «Օսկար» համարվող World Travel Award-ի շրջանակում Հայաստանը ստացել է «Լավագույն պատմամշակութային ուղղություն» մրցանակը»,- շեշտեց Զբոսաշրջության կոմիտեի նախագահը: