Հայաստանի ներդրումային շուկան․ հայացք ներսից
13 րոպեի ընթերցում

Freedom Broker Armenia ընկերության Մասնավոր կապիտալի կառավարման տնօրեն Տարոն Հովհաննիսյանը նշում է, որ իրենք ցանկանում են Հայաստանը վերածել տարածաշրջանային ֆինանսական հաբի և դրա համար պատրաստ են ավելացնել աշխատանքային գործիքակազմն ու ավելի նպաստավոր պայմաններ ստեղծել ներդրողների համար։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Տարոն Հովհաննիսյանը հայտնեց, որ Freedom Broker Armenia ընկերությունը հանդիսանում է ամերիկյան Freedom Holding Corporation ընկերության դուստր կազմակերպությունը, որն, ըստ էության, ոչ թե լոկալ հայկական, այլ միջազգային բիզնես է, որը գործում է Հայաստանում, երկրի օրենսդրության շրջանակում, և որի գործունեությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

«Մեր ընկերությունն աշխատում է տեղի կառավարչի՝ ԿԲ-ի կողմից սահմանված կանոններով և հաշվետու է նրա առջև։ Մեր հիմնական գործունեության ոլորտը բրոքերային, միջնորդական բիզնեսն է։ Բրոքերության մասին լսելիս՝ շատերը, գուցե, մտածեն անշարժ գույքի մասին, սակայն մենք միջնորդական գործունեությամբ զբաղվում ենք հիմնականում արժեթղթերի շուկայում՝ հաճախորդներին տալով ուղիղ հասանելիություն լոկալ ֆոնդային բորսաներին, ինչպես նաև միջազգային այնպիսի ֆոնդային բորսաներին, ինչպիսիք են Nice-ը, Nasdaq-ը, LSE-ը և այլք»,- մանրամասնեց Հովհաննիսյանը։
Նրա տեղեկացմամբ՝ Freedom Broker Armenia ընկերությունն աշխատում է մի քանի ուղղություններով։ Դրանցից մեկն, օրինակ, անմիջական աշխատանքն է հաճախորդների և նրանց հետ, ովքեր նոր են ցանկանում հաշվեհամար բացել ընկերությունում և դրանով իսկ հասանելիության հնարավորություն են ստանում նաև համաշխարհային ֆոնդային բորսաներին։
«Մենք սերտորեն աշխատում ենք նաև մասնավոր անձանց հետ և այդ նպատակով հատկացնում ենք անհատական մենեջերների, որոնք նրանց օգնում են հասկանալ, թե ինչ են ուզում և ինչպես կարող են շուկայում իրագործել իրենց նպատակները։ Բացի դրանից, մենք ունենք բաժին, որն աշխատում է կորպորատիվ և ինստիտուցիոնալ հաճախորդների հետ, որոնք լիցենզավորվել են ՀՀ կենտրոնական բանկի կողմից։ Օրինակ՝ կարող են լինել իրավաբանական անձինք, որոնք ցանկանում են մեր միջոցով գնել արժեթղթեր կամ կատարել ներդրումներ։ Մյուս ուղղությունը տեղաբաշխումն է։ Մենք իրավասու ենք թողարկել և հայկական շուկա բաց թողնել ընկերությունների արժեթղթերն ու պարտատոմսերը»,- ասաց մեր զրուցակիցը։
Հովհաննիսյանը հավելեց, որ իրենց համար կարևոր նշանակություն ունի նաև մարդկանց մասնագիտորեն կրթելը, առավել ևս, որ կապիտալի տեղական շուկաները Հայաստանում կարելի է և պետք է զարգացնել։ Իսկ դրա համար պետք է ներդրումներ կատարել նաև մարդկանց կրթելու գործում։ Հենց այդ նպատակով էլ Freedom Broker Armenia ընկերությունը հիմնադրել է իր ակադեմիան, որտեղ մասնագետներն իրենց գիտելիքներով կիսվում են բոլոր ցանկացողների հետ։

«Մենք համագործակցում ենք հայկական շատ ընկերությունների հետ։ Հաշվեհամարներ ունենք Հայաստանի գրեթե բոլոր բանկերում։ Որպես բրոքեր՝ իրավունք չունենք իրականացնել տրանզակցիոն գործարքներ։ Ունենք ակտիվ համագործակցության փորձ հայկական բիզնես կլաստերի հետ։Համագործակցության մյուս ուղղությունը կորպորատիվ հաճախորդների հետ աշխատանքի զարգացումն է։ Գաղտնիք չէ, որ շատ ընկերություններ կամ բիզնեսներ պարբերաբար ունենում են ազատ կանխիկ գումար իրենց հաշվեկշռում, որն էլ ընթացքում տեղադրում են բանկերում։ Հաճելի է տեսնել, որ հայկական շատ ընկերություններ հաշվեհամարներ են բացում նաև մեզ մոտ՝ օգտվելով մեր պրոդուկտներից, որոնք օգնում են գեներացնել շահույթը՝ վերածելով նաև կանխիկ գումարի»,- ասաց Հովհաննիսյանը։
Մասնագետի կարծիքով՝ հայ ներդրողների համար արդեն իսկ ստեղծված են բազմաթիվ հնարավորություններ լոկալ հայկական շուկայում։ Խոսքը վերաբերում է նաև դեպոզիտարիայի գործունեությանը։ Հայաստանն այն սակավաթիվ երկրներից է, որն ունի սեփական ֆոնդային բորսա և դեպոզիտարիա։ Դրանք պետք է հետևողականորեն զարգացնել և արդիականացնել, քանի որ դրանց արդյունավետ աշխատանքից է կախված կապիտալի շուկայի հետագա առաջընթացը։
Ինչ վերաբերում է հատկապես հայ ներդրողների համար առկա հնարավորություններին, ապա Հովհաննիսյանը վստահեցրեց, որ նրանք կարող են Freedom Broker Armenia ընկերության միջոցով հասանելիություն ստանալ արժեթղթերի ոչ միայն հայկական, այլև միջազգային շուկաներին, որտեղ ավելի շատ գործիքներ կան դոլարով, եվրոյով և այլ արտարժույթներով, ինչը հնարավորություն է տալիս դիվերսիֆիկացնել ներդրումները։ Հովհաննիսյանի պնդմամբ՝ որքան շատ են հնարավորությունները, այնքան մեծ է ընտրության տիրույթը, և մարդիկ միջազգային տնտեսությանն ինտեգրվելու իրական առիթներ են ստանում։
Անդրադառնալով այն հարցին, թե Freedom Broker Armenia ընկերությունը նախընտրում է աշխատել պետակա՞ն, թե՞ մասնավոր սեկտորի հետ, մեր զրուցակիցն ընդգծեց, որ այդ առումով տարբերություն չկա։
«Քանի որ մեր գործունեությունը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից, շատ լավ գիտակցում ենք պետական սեկտորի հետ աշխատանքի կարևորությունը։ Այդ առումով հաջողված կարելի է համարել մեր համագործակցությունը ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ։ Անցյալ տարի համատեղ անցկացրինք մեծ համաժողով և հույս ունենք ապագայում շարունակել այդ ավանդույթը։ Համոզված ենք, որ հանրային և մասնավոր փոխգործակցության ձևաչափը երկրի զարգացման և առողջ ձեռնարկատիրական միջավայրի ձևավորման գրավականն է, որտեղ յուրաքանչյուր խաղացող իր տեղն ունի շուկայում, և պետության ու ձեռնարկատիրության միջև սերտ փոխգործակցությունը դառնում է էկոհամակարգի բնական ու ստեղծարար մասը»,- պարզաբանեց Հովհաննիսյանը։
Նա հանգամանորեն անդրադարձավ նաև միջազգային հայտնի ֆոնդային բորսաների հետ աշխատանքի նրբերանգներին՝ նշելով, թե որոնք են համագործակցության հիմնական սկզբունքները։

«Եթե մենք խոսում ենք, օրինակ, Apple ընկերության մասին, որն իսկապես հեղինակավոր կազմակերպություն է, զարգանում է շուկայում, և ցանկանում ենք ձեռք բերել նրա արժեթղթերը, ապա պետք է հաշվի առնել, որ դրանք սակարկվում են Nasdaq-ում, հետևաբար չենք կարող պարզապես գալ այնտեղ ու ասել՝ տվեք մեզ Apple-ի 10 արժեթուղթ։ Անհրաժեշտ է դիմել պրոֆեսիոնալ մասնակցի, որն ունի հասանելիություն ֆոնդային բորսային, համապատասխան լիցենզիա և հարցերը կարգավորելու ունակություն։ Մենք հանդիսանում ենք պրոֆեսիոնալ մասնակից, ուստի մեզ դիմող հաճախորդը ստանում է ուղիղ հասանելիություն և հնարավորություն մեր միջոցով ֆոնդային բորսայում գնել որոշակի արժեթղթեր։ Մենք ունենք հասանելիություն գրեթե բոլոր հանրահայտ միջազգային ֆոնդային բորսաներին»,- պարզաբանեց մեր զրուցակիցը։
Նա հավելեց, որ Freedom Broker Armenia ընկերությունը համագործակցում է նաև է զարգացած երկրների խոշորագույն բորսաների հետ, որոնցից մեկն, օրինակ, գործում է Հոնկոնգում, որտեղ հաճախորդները բարձր պահանջարկ ունեն արժեթղթեր ձեռք բերելու նկատմամբ։ Սովորաբար գործարքներն իրականանում են արագ և օպերատիվ, դրանց պարզությունն ու հստակությունը նույնպես վկայում է գրավչության մասին։
Զրույցի ընթացքում Հովհաննիսյանն անդրադարձավ նաև նման գործունեություն ծավալող ընկերությունների մրցակցության թեմային և նշեց, որ իրականում, երբ Freedom Broker Armenia ընկերությունը մտավ հայկական շուկա, տեղում արդեն գործում էր կապիտալի շուկան, դեպոզիտարիան, սակայն շուկան դեռ այնքան էլ զարգացած չէր։
«Շատ հայ ներդրողներ քիչ տեղեկացված են ներդրումային հնարավորությունների մասին, խնայողության այլընտրանքային տարբերակների մասին, հետևաբար հույս ունենք, որ մրցակցությունը շուկայում հետայսու կմեծանա։ Հենց այդ մրցակցության շնորհիվ կձևավորվեն լավ ծառայություններ ու պրոդուկտներ։ Հույս ունենք, որ կլավարկվեն նաև մարդկանց գիտելիքները։ Գտնում եմ, որ հայկական շուկայում մրցակցությունը դրական երևույթ է և կարծում եմ, որ շուկայում խաղացողները գործում են ազնվորեն։ Չնայած, որ գործ ունենք մրցակիցների հետ, բայցևայնպես մի քանիսի հետ ունենք ջերմ հարաբերություններ, պայմանավորվում ենք ազնիվ ու գեղեցիկ մրցակցության սկզբունքների վերաբերյալ։ Կարևորն այն է, որ հաճախորդները չտուժեն և ունենան ընտրության հնարավորություն, իրենք որոշեն, թե ում հետ են ուզում աշխատել»,- ասաց Հովհաննիսյանը։
Նա հավելեց, որ իրենց մրցակիցները ոչ միայն հայկական շուկայի խաղացողներն են, այլև միջազգային ընկերությունները, որոնք այս կամ այն չափով ներկայացված են Հայաստանում, հետևաբար Freedom Broker Armenia ընկերությունը ցանկանում է Հայաստանը վերածել տարածաշրջանային ֆինանսական մեծ հաբի։
«Մենք ունենք գիտելիքների համապատասխան բազա և հնարավորություններ։ Անկախ մեր երկրի աշխարհագրական դիրքից և տարածաշրջանում առկա իրավիճակից՝ կարող ենք անխափան կերպով և առանց պրոբլեմների գումարներ փոխանցել մոլորակի ցանկացած կետ։ Դրա համար անհրաժեշտ է հարևանների հետ ձևավորել գործնական հարաբերություններ, ներդաշնակ բիզնես միջավայր, ինչը մեծ առավելություն կտա հաճախորդներին։ Մենք ուշադրություն ենք դարձնում նաև այնպիսի նուրբ և կարևոր հարցին, ինչպիսին է խորհրդատվությունը։ Մեր նպատակն է հաճախորդների հարցումների ու նպատակների հիմքի վրա նրանց համար ձևավորել համապատասխան պորտֆել։ Ընդ որում՝ կարիք չկա պարտադրել որոշակի պրոդուկտներ կամ գործիքներ, այլ անհրաժեշտ է հաճախորդներին տալ ֆինանսական լուծումներ, որոնք համապատասխանում են նրանց պահանջներին»,- ասաց մեր զրուցակիցը։

Հովհաննիսյանի հավաստմամբ՝ իրենց հաճախորդներից յուրաքանչյուրի համար պատրաստվող պորտֆելն անցնում է համաձայնեցման ու ստուգման մի քանի փուլ, այդ թվում՝ հաշվի առնելով հնարավոր բոլոր ռիսկերը, որոնք կարող են առնչվել պորտֆելի գործարկման շղթայի բոլոր օղակներին։ Եթե հաճախորդներն ուզում են ունենալ առավել մեծ շահույթներ, ապա Freedom Broker Armenia ընկերությունն ավելացնում է արժեթղթերի ձեռքբերման համար նախատեսված գործիքները և հաճախորդներին խորհուրդ է տալիս կատարել երկարաժամկետ ներդրումներ։
Ըստ այդմ՝ պորտֆելի ձևավորման վերլուծությունը ենթադրում է հաճախորդների լավ ճանաչում, նրանց պահանջների, ֆինանսական հոսքերի ու պարտավորությունների հաշվառում։ Ֆինանսական խորհրդատուների համար հաճելի է աշխատել վստահելի, մնայուն հաճախորդների հետ երկարաժամկետ կտրվածքով։ Աշխատանքը ցույց է տալիս, որ ընկերությունն ընթանում է ճիշտ ճանապարհով։
Խոսելով մոտ ապագայի պլանների մասին՝ Freedom Broker Armenia ընկերության Մասնավոր կապիտալի կառավարման տնօրենը հայտնեց, որ իրենք ձեռնարկելու են ակտիվ քայլեր կապիտալի տեղական շուկան զարգացնելու ուղղությամբ։
«Մենք արդեն ստացել ենք արժեթղթերի և պարտատոմսերի բաշխման լիցենզիա և այժմ պատրաստվում ենք բաշխել հայկական մի մեծ ընկերության պարտատոմսերը։ Դա նույնպես կլինի կապիտալի շուկայի խթանում՝ տեղական ընկերություններից մեկին գումարներ հատկացնելու միջոցով։ Մենք գտնվում ենք նաև մի քանի նոր ֆոնդերի ստեղծման գործընթացում, որոնք ուղղված կլինեն հաճախորդներին օգնելուն, որպեսզի նրանք հավուր պատշաճի կառավարեն իրենց կապիտալը։ Ավելի մասշտաբային առումով ձգտում ենք, որպեսզի Հայաստանն ավելի ներդաշնակորեն ինտեգրվի համաշխարհային տնտեսությանը, իսկ կապիտալի միջազգային շուկան իր հերթին ներդրումներ կատարի ՀՀ տնտեսության մեջ։ Ցավոք, շատերն այսօր այդքան էլ շահագրգռված չեն մեր տարածաշրջանով, բայց մենք ցանկանում ենք Հայաստանը դարձնել ավելի գրավիչ, որպեսզի գան և տեսնեն դրական փոփոխությունները։ Դրա համար պետք է ստեղծենք ճիշտ գործիքներ»,-եզրափակեց Հովհաննիսյանը։