Ռազմական

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց զինծառայության ժամկետը 18 ամիս դարձնելու նախագծին

2 րոպեի ընթերցում

ՀՀ պետական սահմանի Տավուշի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում
ՀՀ պետական սահմանի Տավուշի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 6 ամսով կրճատելու վերաբերյալ՝ ՀՀ կառավարության ներկայացրած օրենքի նախագծին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Նախատեսվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 24-ամսյա ժամկետը փոխարինել 18-ամսյա ծառայության ժամկետով՝ դրա գործողությունը տարածելով 2026թ հունվարի 1-ից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների վրա»,-ասաց Պապիկյանը:

2025թ ձմեռային զորակոչի շրջանակներում զինված ուժերի համալրումը սկսվելու է 2026թ հունվարի 7-ից, որի արդյունքում 18-ամսյա ժամկետով ծառայություն են իրականացնելու 2025թ ձմեռային զորակոչից սկսած՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիները:

Ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026թ հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա:

Ըստ նախարարի՝ ժամկետի կրճատումը հնարավոր է դարձել վերջին տարիներին պայմանագրային զինվորական ծառայության գրավչության ավելացման և ընդլայնման ուղղությամբ կատարված և շարունակական աշխատանքների շնորհիվ:

Հարակից զեկուցող, պատգամավոր Արմեն Խաչատրյանը նշեց՝ բազմաթիվ բարեփոխումներ են իրականացվել ԶՈՒ-ում, որի արդյունքում հնարավոր է եղել ստանալ այս հաճելի նախագիծը: 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում