Քաղաքականություն

Հարավային Կովկասում հաղորդակցությունների բացումը Վրաստանին ևս կընձեռի նոր հնարավորություններ. Վահագն Խաչատուրյան

4 րոպեի ընթերցում

Հարավային Կովկասում հաղորդակցությունների բացումը Վրաստանին ևս կընձեռի նոր հնարավորություններ. Վահագն Խաչատուրյան

Հարավային Կովկասում տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը Վրաստանին ևս հնարավորություն կընձեռի կապ հաստատել Պարսից ծոցի հետ, իսկ Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը վրացական երկաթուղիների հետ կարող է դառնալ Եվրոպա – Կենտրոնական Ասիա կապուղիների կարևոր բաղկացուցիչ:

‹‹Արմենպրես››-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին Թբիլիսիում Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը: 

ՀՀ նախագահը մատնանշեց, որ Վրաստանի նախագահի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև տարածաշրջանային բնույթի հարցերի, այդ թվում՝ սույն թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայացած եռակողմ հանդիպման արդյունքներին և տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման արդյունքում ընձեռվելիք տնտեսական հնարավորություններին։ 

Խաչատուրյանն ընդգծեց, որ վաշինգտոնյան համաձայնությունների գործընթացը լիովին համահունչ է Հայաստանի կառավարության կողմից ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի տեսլականին: 

‹‹Հայաստանի համար գերակայություն է տարածաշրջանում խաղաղության և փոխկապակցվածության ինստիտուցիոնալացումը՝ հիմնված ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության հիմնարար սկզբունքների վրա։ Վստահ ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվող երկարատև խաղաղությունը և կայունությունը, ինչպես նաև տարածաշրջանում տրանսպորտային և հաղորդակցական ուղիների լիարժեք ապաշրջափակումը, այդ թվում՝ «TRIPP» նախագծի միջոցով, Հարավային Կովկասը կվերածեն արդյունավետ տարանցիկ և լոգիստիկ հանգույցի՝ նպաստելով նաև տարածաշրջանային ու գլոբալ փոխկապակցվածությանը››,-շեշտեց ՀՀ նախագահը։ 

Նրա բնորոշմամբ՝ հարատև խաղաղության, կայունության, անվտանգության, պետությունների և ժողովուրդների միջև համագործակցության ամրապնդումը, ապահովումը, բարեկեցիկ ապագայի կառուցումը միջազգային հանրության ընդհանուր պատասխանատվությունն է:

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրել են հռչակագիր, որի 4-րդ կետով, մասնավորապես, սահմանվում է.  

«Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ Մենք հաստատում ենք մեր վճռականությունը բարեխղճորեն ձեռնարկելու բոլոր միջոցները՝ սույն նպատակին հնարավորինս արագ հասնելու համար»։

ՀՀ նախագահը նոյեմբերի 19-20-ը պաշտոնական այցով Վրաստանում է: Այցի շրջանակում նախագահ Վահագն Խաչատուրյանն արդեն հանդիպել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ: Նախագահը նաև հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում