Շնորհավորում եմ ՀՀ բոլոր քաղաքացիներին 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների հնչուն նախերգանքի համար. Փաշինյանը՝ Վաղարշապատի քվեարկության մասին

3 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Վաղարշապատ խոշորացված համայնքում կայացած ավագանու ընտրություններին, որոնց նախնական արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթել է և կկարողանա միանձնյա իշխանություն ձևավորել համայնքում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետը թեմային անդրադարձել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ։ 

«Վաղարշապատ խոշորացված համայնքի սիրելի ընտրողներ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ եւ շնորհավորում եմ բոլորիդ նախեւառաջ՝ ժողովրդավարական ընտրությունների առիթով։ 

Ձեր ընտրությամբ մի քանի կարեւոր արձանագրում արեցիք․ 

1․ Դուք համայնքի ղեկավար ընտրեցիք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արգիշտի Մեխակի Մեխակյանին, հաստատելով, որ խաղաղ, բարեկեցիկ եւ ժողովրդավարական Հայաստանի Հանրապետությունը մեր նահատակների հիշատակը հավերժացնելու լավագույն միջոցն է, նրանց հիշատակին մատուցվող մեծագույն տուրքը։ 

2․ Աներկբա աջակցություն ցուցաբերեցիք մեր պետականությունը, անկախությունը, ինքնիշխանությունը, ազատությունը ուժեղացնելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ռազմավարությանը։ 

3․ Ձեր ընտրությամբ կարեւոր լիցք տվեցիք մեր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Կտրիճ Ներսիսյանից ազատելու գործընթացին։ 

4․ Գնահատեցիք նախորդող շրջանում «Քաղաքացիական պայմանագրի» կատարած աշխատանքը Ձեր համայնքում եւ ներողամիտ գտնվեցիք թույլ տրված սխալների համար։ Ուզում եմ այդ սխալների համար ներողություն խնդրել բոլորիցդ։

Շնորհավորում եմ Արգիշտի Մեխակյանին Վաղարշապատ խոշորացված համայնքի ղեկավար ընտրվելու առիթով եւ վաղարշապատցիներին եմ շնորհավորում համեստ, բայց որպես կառավարիչ իր աշխատանքի արդյունավետությունը ապացուցած Մեխակյանին ընտրելու առիթով։ 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իմ բոլոր գործընկերներին եմ շնորհավորում, ՀՀ բոլոր քաղաքացիներին եմ շնորհավորում 2026 թվականի համապետական ընտրությունների այս հնչուն նախերգանքի համար։ 

Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հաղթելու է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում»,-գրել է Փաշինյանը։ 

Հայերեն العربية English Español Русский Türkçe