Ուզում եմ, որ Պորտուգալիայի դեմ մրցակցային խաղ ցուցադրենք. Եղիշե Մելիքյան
1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը վստահեցնում է՝ աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին տուրի Պորտուգալիայի դեմ խաղում իր ղեկավարած թիմը պայքար է մղելու ամբողջ ուժով:
«Ճնշում չկա, բայց կա պատասխանատվություն: Պորտուգալիան լուրջ մրցակից է մեզ համար, բայց այս թիմի դեմ խաղում կարելի է այն օգուտը ստանալ, որը մեր երիտասարդ ֆուտբոլիստներին պետք կգա ապագայում: Մենք կարուստներ ունենք, սակայն պատրաստ ենք պայքար մղելու: Որպես մարզիչ՝ փորձելու եմ ստանալ առավելագույնը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ նախախաղային մամուլի ասուլիս ժամանակ ասաց Եղիշե Մելիքյանը:
Մարզիչը նկատեց՝ Պորտուգալիայի հավաքականն արժանի է հարգանքի, սակայն ֆուտբոլի դաշտում պետք է պայքարել բոլորի դեմ:
«Ուզում եմ, որ Պորտուգալիայի դեմ մրցակցային խաղ ցուցադրենք: Չեմ վախենում սխալվելուց, սակայն ուզում եմ հասկանալ՝ ֆուտբոլիստները որքան են աճել»,-ասաց նա:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին տուրում Հայաստանի ազգային թիմը նոյեմբերի 16-ին կմրցի Պորտուգալիայի հետ: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին: