Բրազիլիայում ցուցարարներն արգելափակել են COP30 գագաթնաժողովի այցելուների մուտքը
1 րոպեի ընթերցում

Բրազիլիայում տասնյակ ցուցարարներ՝ բնիկ ժողովուրդների ներկայացուցիչներ, նստացույց անելով, արգելափակել են COP30 կլիմայական գագաթնաժողովի մուտքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:
Պատվիրակները ստիպված են եղել մտնել կողքի մուտքերով:
ՄԱԿ-ի ամենամյա կլիմայական համաժողովին մասնակցում են 195 կառավարությունների պատվիրակներ, որոնք ձգտում են առաջընթաց ապահովել գլոբալ տաքացումը կասեցնելու հարցում:
Ցուցարարները պահանջել են, որ Բրազիլիայի կառավարությունը դադարեցնի Ամազոնի զարգացման նախագծերը, այդ թվում՝ հանքարդյունաբերությունը, անտառահատումը, նավթի հորատումը և հանքարդյունաբերական ու գյուղատնտեսական արտադրանքի տեղափոխման համար նոր երկաթուղու կառուցումը։
«Նախագահ Լուլա, մենք այստեղ ենք՝ COP-ի առջև, որ դուք լսեք մեզ: Մենք հրաժարվում ենք զոհաբերել մեզ՝ գյուղատնտեսական բիզնեսի համար», - հայտարարել են ցուցարարները: