Խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրումն էլ ավելի դրական մթնոլորտ կապահովի TRIPP-ի իրագործման համար. Սարգիս Խանդանյան

4 րոպեի ընթերցում

«Թրամփի ուղի» նախագծի իրագործումն ու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերջանական ստորագրումը փոխկապակցված չեն՝ չնայած խաղաղության պայմանագրի ստորագրումն էլ ավելի դրական մթնոլորտ կապահովի ծրագրի իրագործման համար։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կազմակերպած «Խաղաղության խաչմերուկ. զարգացնելով տարածաշրջանային հաղորդակցությունները» խորագրով համաժողովի ժամանակ ասել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Սարգիս Խանդանյանը։ 

Վերջինս այս մասին նշել է՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հնարավո՞ր է իրականացնել «Թրամփի ուղի» նախագիծը մինչև Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրումը, թե՞ դրանք փոխկապակցված գործընթացներ են։ 

«Ես կարծում եմ, որ այդտեղ փոխկապակցվածության հարց չկա, և դրա մասին է նաև ասում խաղաղության հռչակագիրը, որ Հայաստանը և Ադրբեջանը պետք է շարունակեն ջանքեր գործադրել խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ, բայց այնտեղ նաև ասվում է, որ Հայաստանը Միացյալ Նահանգների հետ պատրաստվում է իրագործել այս նախագիծը։ Կարծում եմ՝ փոխպայմանավորող չեն․ իհարկե, խաղաղության պայմանագրի ստորագրումն էլ ավելի դրական մթնոլորտ կապահովի ծրագրի իրագործման համար, և մենք հույս ունենք, որ մոտ ապագայում դա տեղի կունենա, բայց, դա չի նշանակում, որ մենք պետք է նստենք և սպասենք մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը, ընդհակառակը, մենք պետք է հնարավորինս արագ Միացյալ Նահանգների հետ ավարտենք բանակցությունները և անցնենք արդեն բուն՝ գետնի վրա իրականացվող աշխատանքներին»,-ընդգծեց Սարգիս Խանդանյանը։  

Նա նաև մանրամասնեց, որ TRIPP ծրագրի վերաբերյալ բոլոր քննարկումները երկկողմ են, այսինքն՝ ընթանում են Հայաստանի և Միացյալ Նահանգների կառավարությունների միջև, և այս պահին այդ քննարկումները տեղի են ունենում։ 

«Ծրագրի տևողության ժամկետի, ծրագրում Հայաստանի և Միացյալ Նահանգների մասնաբաժինների վերաբերյալ հարցերի պատասխանները, կարծում եմ, մինչև ընթացիկ տարվա վերջ հնարավոր կլինի ունենալ»,-ասաց նա։ 

Խանդանյանը դժվարացավ նշել, թե որքան կկազմի ծրագրի իրականացման ընդհանուր արժեքը։

«Ենթադրում եմ, որ կառավարությունում այդ հաշվարկները կատարում են, և ոչ միայն Հայաստանի կառավարությունը, նաև Միացյալ Նահանգների կառավարությունը»,-ասաց Խանդանյանը։

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ միջոցներով է Հայաստանը պատրաստվում իրականացնել ծրագիրը՝ Խանդանյանը նշեց, որ այդ միջոցները լինելու են ներդրումների տեսքով։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրել են հռչակագիր, որի 4-րդ կետով, մասնավորապես, սահմանվում է.  

«Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ Մենք հաստատում ենք մեր վճռականությունը բարեխղճորեն ձեռնարկելու բոլոր միջոցները՝ սույն նպատակին հնարավորինս արագ կերպով հասնելու համար»։

Նույն օրը Հայաստանն ու Ադրբեջանը նախաստորագրել են միմյանց միջև խաղաղության համաձայնագիրը։ 

Հայերեն Русский

Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը

Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը Սեուտայում միգրանտ անչափահասների թիվը կրճատել է՝ հասցնելով մոտ 1500-ի

Իրանը հայտարարել է, որ ԱԷՄԳ-ն չի կարող առանց արձանագրության պահանջել օբյեկտների ստուգումներ

Խցանումները դանդաղեցնում են Ուկրաինայից նավերով հացահատիկի արտահանումը

Իրանը ողջունել է Փեզեշքիանի և Պուտինի միջև հնարավոր հանդիպումը

Meta-ն 17 միլիարդ դոլար կվճարի երեխաների պաշտպանության վերաբերյալ ԱՄՆ-ում կնքված պատմական համաձայնագրի շրջանակում

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ԿՀՎ ղեկավարի՝ Ռուսաստան կատարած այցը կարող է արդյունքներ տալ

Նեպալի իշխանությունները գնահատել են երկրի հյուսիսում ջրհեղեղի պատճառած վնասը

Մնացական Սաֆարյանը, Վահան Կոստանյանը և Ռոբերտ Աբիսողոմյանը վերանշանակվել են ԱԳ փոխնախարարների պաշտոնում

Շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան