Սպորտ

Եղիշե Մելիքյանը Հունգարիայի դեմ խաղում պատրաստվում է շանս տալ նոր ֆուտբոլիստների

2 րոպեի ընթերցում

Եղիշե Մելիքյանը Հունգարիայի դեմ խաղում պատրաստվում է շանս տալ նոր ֆուտբոլիստների

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը մեծ սպասելիքներ չունի աշխարհի առաջնության որակավորման փուլում Հունգարիայի դեմ Երևանում կայանալիք խաղից: 

«Թիմը հոգեբանորեն պատրաստ է: Այո, կան կորուստներ, բայց նաև հնարավորություն կա խաղի մեջ տեսնելու հայտացուցակի  մյուս ֆուտբոլիստներին: Սա շանս է նրանց  համար: Նախորդ խաղերի համեմատ՝ 4-5 ֆուտբոլիստ վաղը չի լինելու, բայց ինձ համար սա լավ փորձություն է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մելիքյանը: 

Վերջինիս խոսքով` ազգային հավաքականի յուրաքանչյուր ֆուտբոլիստ պատրաստ է Հունգարիայի դեմ խաղի ցանկացած ելքի:

«Մենք պատրաստ ենք թե՛ հաղթելու, թե՛ պարտվելու և թե՛ ոչ-ոքի արդյունքի, բայց մենք պատրաստ ենք պայքարելու: Նախորդ ամսվա պարտությունները մեզ համար միայն առիթ էին սխալները շտկելու համար: Չեմ վախենում պարտությունից: 

Եթե անգամ չհաղթենք, ապա այս խաղերով կարող ենք ապագայի համար հարցեր լուծել»,-առանձնացրեց նա:

Ազգային թիմի գլխավոր մարզիչը նպատակ ունի Հունգարիայի դեմ երևանյան խաղում մեկնարկային կազմում ընդգրկել Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների:  

Հունգարիայի դեմ երևանյան խաղում Հայաստանի հավաքականին չի օգնի Տիգրան Բարսեղյանը, որը երեք խաղով որակազրկվել է Իռլանդիայի դեմ նախորդ տուրի խաղում մրցակցին գլխով հարվածելու պատճառով։ Հավաքականի առաջատարներից Լուկաս Սելարայանը հայտարարել է հավաքականում կարիերան ավարտելու մասին։ Հունգարիայի դեմ խաղին վնասվածքի պատճառով չի մասնակցի նաև Ուգոչուկվու Իվուն։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում