Հայաստանի ներքին պարտքի շուկայում օտարերկրյա ներդրողների մասնակցությունը հասել է 177 մլրդ դրամի
2 րոպեի ընթերցում

Հայաստանի ներքին պարտքի շուկայում 2025-ին 2018-ի համեմատ էականորեն բարձրացել է օտարերկրյա ներդրողների մասնակցությունը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ նիստում 2026թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի ներկայացմանը:
«Եթե 2018թ ներքին պարտքի շուկայում օտարերկրյա ներդրողների մասնակցությունը կազմել է ընդամենը 3.6 մլրդ դրամ, ապա 2025-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ այն հասել է արդեն 177 մլրդ դրամի: Այսինքն՝ միջազգային ներդրողների վստահությունը Հայաստանի Հանրապետության պետական ինստիտուտների նկատմամբ այսօր առավել է, քան երբևէ»,-ասաց Հովհաննիսյանը:
Եթե 2025թ մարտին թողարկված 10 տարի ժամկետայնությամբ եվրոբոնդերի եկամտաբերության մեջ երկրի ռիսկի հավելավճարը կազմել է 286 բազիսային կետ կամ 2.86 տոկոս, ապա օգոստոսի 8-ի վաշինգտոնյան հռչակագրի ստորագրումից հետո՝ սեպտեմբերի վերջին, այն նվազել է մինչև 227 բազիսային կետ:
«Սա պատմականորեն ցածր ցուցանիշ է, ինչը թույլ է տալիս ևս մեկ անգամ ամրագրել, որ մենք ընկալվում ենք որպես շրջահայաց և պատասխանատու քաղաքականություն վարող պետություն, որը գործում է իր հնարավորությունների սահմանում, բայց նաև ապագային միտված խելամիտ ներդրումներ է կատարում»,-ասաց նախարարը: