Մեկ-երկու տարի հետո հավաքականում ամեն ինչ ավելի լավ կլինի. Եղիշե Մելիքյան
2 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը լիահույս է, որ 1-2 տարի անց հավաքականում ամեն ինչ ավելի լավ կլինի:
«Ինձ ևս մտահոգում է այն փաստը, որ ոչ միայն ազգային թիմում, այլ նաև երիտասարդական ու պատանեկան հավաքականներում արդյունքներ չկան: Այո, խնդիրներն առկա են: Ես այդ մասին տարիներ շարունակ ասել եմ: Բայց ես ուզում եմ միասնականության միջոցով գտնել այդ խնդիրների լուծումը: Այդ խնդիրների լուծումները մեր ամենօրյա աշխատանքի արդյունքում պիտի երևան: Մենք հաճախակի ենք հանդիպում տարբեր տարիքային հավաքականների գլխավոր մարզիչների հետ, խոսում ենք, քննարկում իրավիճակը: Խոսում ենք նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար կազմի հետ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մելիքյանը:
Վերջինս շեշտեց` Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմում առողջ մթնոլորտ է, թիմը միասնական է: «Ոչինչ միանգամից չի լինում, և ես պատրաստ չեմ այդ կերպ աշխատելուն: Քիչ-քիչ շարժվում ենք առաջ: 2 տարի հետո հավաքականում ամեն ինչ ավելի լավ կլինի: 1-2 տարի անց հանդերձարանում կունենանք այն բռունցքը, որը պատրաստ կլինի կռիվ տալու»,- ասաց նա:
Ըստ Մելիքյանի` իրեն մտահոգում է այն, որ ֆուտբոլում այժմ ռեսուրս չկա: «Ես սահմանափակ քանակով ֆուտբոլիստների կարող եմ հրավիրել հավաքական: Հիմա կարող եմ հրավիրել 25 ֆուտբոլիստի, բայց նրանցից մի քանիսը կարող են հաջորդ մրցաշրջանում չլինել, իսկ նրանց փոխարեն այլ ֆուտբոլիստներ չգտնենք: Ես բախվում եմ երիտասարդ ֆուտբոլիստների՝ ժամկետային պարտադիր զինծառայությունից տարկետման իրավունքի հետ: Տարիքային խմբերում կան ֆուտբոլիստներ, որոնք հեռանկար ունեն: Այդ ֆուտբոլիստները կարող են օգնել թիմին կես կամ մեկ տարի անց, սակայն եթե նրանք այժմ տարկետում չստանան, հետագայում չեն մնա ֆուտբոլում: Այժմ այս ուղղությամբ աշխատանք է տարվում»-շեշտեց նա: