Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ԵԽ գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

4 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ԵԽ գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են Հայաստան–ԵԽ համագործակցության ընթացիկ հարցերն ու կրթության, գիտության, մշակույթի և մարդու իրավունքների ոլորտներում փոխգործակցության զարգացման ուղիները։

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է ակտիվորեն մասնակցել Հայաստան–ԵԽ նոր գործողությունների ծրագրի մշակմանն ու իրականացմանը՝ հատկապես կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում։ Նա շեշտել է, որ այս համագործակցությունը կնպաստի եվրոպական արժեքների ամրապնդմանը և ժողովրդավարության զարգացմանը։

Ժաննա Անդրեասյանը հատուկ կարևորել է կրթության դերակատարությունը ժողովրդավարական մշակույթի ձևավորման գործում՝ ընդգծելով քաղաքացիական և մարդու իրավունքների կրթության ամրապնդման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում նախարարն առաջարկել է ընդլայնել ԵԽ-ի հետ համագործակցությունը՝ զարգացնելով մեդիագրագիտության, հանդուրժողականության և ժողովրդավարական մշակույթի ուսուցմանն ուղղված համատեղ ծրագրերը Հայաստանում։ 

Ներկայացնելով Հայաստանում տեղի ունեցող կրթական բարեփոխումները՝ նախարարը տեղեկացրել է, որ ոլորտում իրականացվում են լայնածավալ և համակարգային փոփոխություններ․ մշակվել և ներդրվել է հանրակրթության պետական նոր չափորոշիչը, որը համահունչ է եվրոպական կրթական արժեքներին ու մոտեցումներին։ Նա ներկայացրել է նաև բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում ընթացող բարեփոխումները, անդրադարձել նոր օրենքի ընդունման գործընթացին և ներկայացրել «Ակադեմիական քաղաք» ռազմավարական նախաձեռնությունը։

Անդրադառնալով մշակույթի ոլորտում համագործակցության խորացմանը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է առավել ակտիվ մասնակցել Եվրոպայի խորհրդի «Cultural Routes» և «Heritage Education» ծրագրերին՝ կարևորելով մշակութային ժառանգության պահպանությունը և դրա միջոցով խաղաղության ու երկխոսության խթանումը։ Նա նաև տեղեկացրել է, որ Կառավարությունը նպատակ ունի զարգացնել մշակութային և ստեղծարար արդյունաբերությունները՝ դիտարկելով մշակութային ժառանգությունը՝ որպես սոցիալ-տնտեսական զարգացման շարժիչ ուժ։ Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ 2025 թվականի նոյեմբերի 26–28-ը Երևանում տեղի կունենա միջազգային «Մշակութային խաչմերուկ. Երևան» համաժողովը, որը նվիրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային արտահայտությունների բազմազանության պաշտպանության և խթանման մասին կոնվենցիայի 20-ամյակին։ Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև ԵԽ գլխավոր քարտուղարի նախաձեռնությունը՝ Նոր ժողովրդավարական պակտը։ Նա ընդգծել է՝ նախաձեռնությունն ավելի քան ժամանակին և կարևոր է, և Հայաստանի կառավարությունը լիովին աջակցում է դրան։ Կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանը և կրթական անվտանգ միջավայրի ապահովմանը, երիտասարդության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր՝ կարևորելով բռնության և խտրականության կանխարգելման մեխանիզմների կատարելագործումը։

Հանդիպման ավարտին Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին՝ Հայաստանի հանդեպ ցուցաբերած ուշադրության և համագործակցության պատրաստակամության համար։ Նա վստահություն է հայտնել, որ այս հանդիպումը նոր էջ կբացի Հայաստան–ԵԽ գործնական համագործակցության պատմության մեջ՝ ի նպաստ Հայաստանի համայնքների, ուսումնական հաստատությունների, մշակութային կառույցների և քաղաքացիների բարօրության։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում