Քաղաքականություն

Խորհրդարանական ընտրություններում ինքնաառաջադրման ձևաչափը ՔՊ-ում նոր չէ. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Խորհրդարանական ընտրություններում ինքնաառաջադրման ձևաչափը ՔՊ-ում նոր չէ.  Փաշինյան

Խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից կիրառվող առաջադրման ձևաչափը նոր չէ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Հայաստանի Հանրապետության վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը: 

«Այլ բան, թե ինչքանով է դա հանրային ուշադրություն գրավել: Օրինակ՝ 2017 թվականի հերթական ընտրություններում մենք նույն սկզբունքով ենք արել, արտահերթ ընտրությունների դեպքում, քանի որ ժամանակացույցի խնդիր կար, ցուցակը մի քիչ արագացված ռեժիմով է ձևավորվում, իսկ հերթական ընտրությունների դեպքում՝ ավելի տևական պրոցեսի արդյունքում»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետն անդրադարձավ նաև հարցին, թե ինչպես է որոշվել կուսակցական գործիչների պարագայում առաջադրման համար նախատեսված կես մլն դրամ գումարի չափը, իսկ ոչ կուսակցականների համար՝ 1.5 մլն վճարը: 

«Մենք քարոզարշավ ենք չէ՞ իրականացնելու, մենք պետք է նաև մեր ներդրումն ունենանք: Իհարկե, մենք դրամահավաք էլ կկազմակերպենք, բայց դա նաև նրա համար է, որ որևէ մեկը, որ թեկնածություն է առաջադրում, պետք է նաև ֆինանսական ներդրում ունենա, ընդ որում, պարտադիր չէ՝ անձնական: Յուրաքանչյուրը կարող է իր միջավայրում դրամահավաք կազմակերպել և այդ ներդրումն անել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:  

Նոյեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանն ինքնաառաջադրվել էր կուսակցության 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակում ընդգրկվելու համար։  

Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարել էր, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համար կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու նպատակով թեկնածուները կարող են ինքնաառաջադրվել 2025 թվականի նոյեմբերի 1-ից 30-ը ներառյալ։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում