Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանն ակնկալում է Ալիևի և Էրդողանի մասնակցությունը Երևանում անցկացվելիք գագաթնաժողովին

3 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանն ակնկալում է Ալիևի և Էրդողանի մասնակցությունը Երևանում անցկացվելիք գագաթնաժողովին

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ակնկալում է, որ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները կմասնակցեն Երևանում 2026 թվականի մայիսին անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սիմոնյանը հայտնեց լրագրողների հետ զրույցում, պատասխանելով դիտարկմանը, թե ադրբեջանական որոշ լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի պատրաստվում մասնակցել գագաթնաժողովին:

«Այնուամենայնիվ, ակնկալում ենք, որ բոլոր այն երկրները, որ մասնակցել են մշտապես, հնարավորություն կգտնեն Հայաստանի Հանրապետություն այցելել այդ կարևորագույն միջոցառման ժամանակ: Ես չեմ կարծում, որ այդտեղ պետք է տեսնել այլ տրամաբանություն, որովհետև ակնհայտ է, որ նման բան լինելու պարագայում Ադրբեջանի նախագահը կամ կասեր, կամ պաշտոնական որևէ բան կլիներ»,- ասաց Սիմոնյանը: 

Ազգային ժողովի նախագահը հայտնեց՝ ադրբեջանցի իր գործընկերոջ հետ վերջերս տեղի ունեցած հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում անցկացված Եվրանեսթ ԽՎ միջոցառմանը ադրբեջանական պատվիրակության չմասնակցելուն: 

«Իմ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ նա խնդրեց ինձ, որ ես փոխանցեմ, որ նրանք Հայաստանի Հանրապետություն գալու հետ կապված որևէ խնդիր չունեն, և Եվրանեսթին նրանց չմասնակցելը պայմանավորված է զուտ այդ կազմակերպության հետ հարաբերություններով, և իրենք որևէ խնդիր չեն տեսնում մեր համագործակցության և փոխադարձ այցերի հետ կապված»,- նշեց ԱԺ նախագահը:

Ալեն Սիմոնյանը նշեց՝ պետք է պատրաստ լինել, որ ադրբեջանական պատվիրակություններն այցելելու են Երևան, իսկ հայկական պատվիրակություններն այցելելու են Բաքու: 

«Իհարկե, կան հարցեր, որոնք պետք է քննարկվեն, մասնավորապես՝ մեր գերիների, պահվող անձանց հարցը, որը մեծագույն խնդիր է, բայց շփումները շարունակվելու են,  և մենք այդ շփումները խորացնելու ենք: Իմ ընկալումն է, որ ադրբեջանական կողմը նույն գծի վրա է»,-ասաց Սիմոնյանը: 

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա 2026 թվականի մայիսի 4-ին, Երևանում։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտնել է, որ մասնակցության բանավոր հրավերներ են ներկայացվել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:  

Հոկտեմբերի 30-ին ադրբեջանական Calibe-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Ադրբեջանի նախագահը մերժել է Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու հրավերը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում