Վաղարշապատն ընտրում է. ինչ ծրագրեր ունեն առաջադրված քաղաքական ուժերը
21 րոպեի ընթերցում

Վաղարշապատ համայնքում հոկտեմբերի 22-ին պաշտոնապես մեկնարկել է ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև նոյեմբերի 14-ը՝ ժամը 24։00-ն։
«Արմենպրես»-ը զրուցել է ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրական ցուցակները գլխավորող թեկնածուների հետ՝ տեղեկանալով քարոզարշավի ընթացքի և մասնակիցների ընտրական ծրագրերի կարևոր դրույթների վերաբերյալ։
«Ժառանգություն» կուսակցության ընտրացուցակը գլխավորող Արկադի Փայտյանը նշեց, որ իրենք քարոզարշավն իրականացնում են և՛ սոցցանցերով, և՛ գյուղ առ գյուղ քայլերթով։

«Մեկնարկը սկսել ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, այցելել ենք նաև զոհված ազատամարտիկների հուշահամալիր՝ խոնարհելով ծաղիկներ։ Քարոզարշավն ընթանում է առանց խախտումների և մեզ համար նորմալ պայմաններում։ Ունենք լիարժեք հնարավորություններ՝ արդյունավետ քարոզարշավ իրականացնելու համար»,- ասաց Փայտյանը։
Խոսելով ծրագրային հիմնական դրույթների մասին՝ նա հայտնեց, որ իրենց քաղաքական ուժը պատրաստվում է Վաղարշապատը դարձնել սոցիալապես կայուն, ապահով ու մշակութային արժեքներով հարուստ համայնք։
«Մեծ ուշադրություն ենք դարձնելու բնակարանային ֆոնդի զարգացմանն ու ենթակառուցվածքների արդիականացմանը, համայնքին մատուցվող ծառայությունների մատչելիությանը, կրթությանը, մշակույթի, սպորտի խթանմանը, ինչպես նաև տարեցների խնամքի հաստատություններին աջակցություն ցուցաբերելուն։ Համայնքային զարգացման ծրագրերն իրականացնելիս՝ առաջնորդվելու ենք թափանցիկ կառավարմամբ, որն ունենալու է վերահսկման մեխանիզմներ և բնակիչների ակտիվ մասնակցության հնարավորություն։ Յուրաքանչյուր ոք պետք է իր մասնակցությունն ունենա համայնքի զարգացման և բարեփոխումների գործընթացին»,- ասաց Փայտյանը։
Նա հավելեց, որ «Ժառանգություն»-ը պատշաճ ուշադրություն է դարձնելու գյուղատնտեսությանը, այդ ոլորտում մասնագետների վերապատրաստմանը։
«Մեր ծրագրում ներառված են բիզնեսի զարգացմանն ուղղված դրույթներ, որպեսզի գործարարությամբ զբաղվողները կարողանան հնարավորինս լավ կազմակերպել իրենց աշխատանքը։ Տարբեր համայնքների գործարար բնակիչներն ունեն համապատասխան միջոցներ և այսօր էլ կատարում են ներդրումներ, նպաստում իրենց համայնքների արտադրանքի իրացմանն ու արտահանմանը։ Մեզ համար կարևոր է նաև զբոսաշրջությունը, որը զարգացնելու ենք և՛ Վաղարշապատում, և՛ գյուղական համայնքներում»,- ասաց Փայտյանը։
Նա մրցակից քաղաքական ուժերին հորդորեց քարոզարշավի ընթացքում զերծ մնալ սև PR-ից և միմյանց վատաբանելու գործելակերպից։
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ընտրացուցակը գլխավորող Վահրամ Ազատյանը նշեց, որ իրենց քարոզարշավը հիմնված է ընտրազանգվածի հետ անմիջական հանդիպումների վրա։

«Ներկայացնելու ենք այն ծրագրերը, որոնցով պատրաստվում ենք առաջ շարժվել։ Քարոզարշավի ընթացքում դեռ խոչընդոտների չենք հանդիպել, ընթացքից առայժմ գոհ ենք։ Մեր ծրագրային հիմնական դրույթներից առաջինն ու ամենակարևորը Վաղարշապատ քաղաքի պատմական դեմքի վերականգնումն է, որը մեր քաղաքը կորցրել է վերջին երեսուն տարիների ընթացքում անարդյունավետ կառավարման պատճառով։ Կառուցապատողների հետ սահմանելու ենք միասնական հայեցակարգ։ Այդ ամենն իրագործելուց հետո կանցնենք քաղաքի զբոսաշրջային ներուժը զարգացնելուն։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակության ժառանգության ցուցակում ընդգրկված լինելու հանգամանքը կարելի է օգտագործել՝ ի բարօրություն Վաղարշապատի ու նրա բնակիչների։ Նույն կարգավիճակն ունի, օրինակ, Վրաստանի Մցխեթի քաղաքը, որի համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ տվել է բավականին լավ արդյունքներ»,-ասաց Ազատյանը։
Նա կարևորեց նաև սոցիալական ծրագրերը՝ ընդգծելով, որ վերանայելու են մասնավորապես մանկապարտեզների մտահոգիչ վարձավճարները, ինչպես նաև թեթևացնելու են ուսանողների տեղաշարժի հետ կապված հոգսերը, որպեսզի նրանք երթևեկեն անվճար։ Ըստ նրա՝ գյուղական համայնքներում երեխաները նույնպես պետք է մանկապարտեզ հաճախեն անվճար հիմունքներով։
«Մեր կողքին կանգնած են բարերարներ, որոնք պատրաստ են աջակցել մեր ծրագրերի իրականացմանը։ Ծերերի խնամքի հաստատություններն անմխիթար վիճակում են, մինչդեռ դրանցում պետք է լինեն կենսապահովման բարվոք պայմաններ։ Անհրաժեշտ է երիտասարդների համար քաղաքում ստեղծել ժամանցի ու ինքնադրսևորման վայրեր։ Պակաս կարևոր չեն տնտեսական դրույթները։ Համոզված եմ, որ մեր քաղաքի բյուջեն հնարավոր է մի քանի տարում կրկնապատկել։ Ինքս գործարար եմ և շատ լավ պատկերացնում եմ, թե ինչ կարելի է անել այդ ուղղությամբ։ Անհրաժեշտ է բիզնեսի ներկայացուցիչների համար ստեղծել սեփական համայնքում աշխատելու և արարելու բոլոր պայմանները»,- ասաց Ազատյանը։
«Համահայկական ճակատ» կուսակցության ընտրացուցակը գլխավորող Արտյոմ Սիմոնյանը նշեց, որ իրենք քարոզարշավը սկսել են Զվարթնոցի տաճարի մոտից, իրականացրել են երթ ու այցելել Վաղարշապատի կենտրոնում գտնվող ազատամարտիկների պանթեոն՝ ծաղիկներ խոնարհելով զոհված հերոսների համար։

«Քարոզարշավն իրականացնելու ենք օրենքի սահմաններում։ Խախտումներ թույլ չենք տալու և ամեն կերպ ձգտելու ենք կանխել ընտրակաշառքները, քվեներ ստանալու դիմաց ընտրողներին ֆինանսապես շահագրգռելու փորձերն ու նման արատավոր երևույթները։ Մանրակրկիտ ստուգելու ենք նաև ընտրացուցակները, որպեսզի գրանցումների հետ կապված զեղծարարություններ չլինեն։ Այդ կերպ պաշտպանելու ենք ընտրողների իրավունքները։ Մնացած ուժերի վրա ցեխ չենք նետելու, ներկայացնելու ենք մեր ծրագիրն ու անելիքները»,- ասաց Սիմոնյանը։
Լինելով Խոյ համայնքի Աղավնատուն գյուղի բնակիչ՝ Սիմոնյանը քաջածանոթ է գյուղացիների վիճակին, նրանց հուզող խնդիրներին, հետևաբար պատրաստվում է թիմակիցների հետ լուծել հրատապ հարցերը։
«Մեր ծրագիրն իր բնույթով սոցիալական է։ Որդեգրել ենք բյուջետային միջոցների արդյունավետ կառավարման սկզբունքը, համատիրությունների գործունեությունը հանրային վերահսկողությամբ իրականացնելու մոտեցումը, որոշումների կայացման գործում հանրային մասնակցության ապահովման սկզբունքը և այդ ամենն անելու ենք կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նպատակով, համապատասխան հանձնաժողովների միջոցով։ Ապահովելու ենք տենդերների իրականացման թափանցիկություն, որպեսզի ցանկացած շահառու կարողանա ազատ մասնակցել մրցույթներին։ Որոշ գյուղերում ստեղծելու ենք հրշեջ ծառայություն՝ բարձրացնելով անվտանգության աստիճանը։ Թեթևացնելու ենք գյուղացիների հարկերը, նվազեցնելու ենք ջերմոցների վարձավճարները՝ ստեղծելով հավասար պայմաններ բոլորի համար, խրախուսելու ենք մանր ու միջին ձեռնարկատիրությունը, զարգացնելու ենք զբոսաշրջությունը»,- ասաց Սիմոնյանը։
Նա հավելեց, որ իրենց քաղաքական ուժն ընտրվելու դեպքում Վաղարշապատում լուծելու է տրանսպորտի հարցը՝ ներդնելով նոր տրանսպորտային ցանց, ապահովելու է անապահով խմբերի համար նախատեսվող արտոնություններ, մանկապարտեզները դարձնելու է անվճար, իրականացնելու է նպատակասլաց ու անաչառ կադրային քաղաքականություն՝ առաջ մղելով մասնագետներին և աշխատատեղեր է ստեղծելու երիտասարդների համար՝ նաև նրանց միջոցով ծառայելով համայնքին։
Լինելով զինվորական (բանակի գնդապետ)՝ Սիմոնյանը շեշտեց, որ ժամանակին ծառայել է Լեռնային Ղարաբաղում, ուստի իրենց քաղաքական ուժը Վաղարշապատում պատրաստվում է այնտեղից բռնի տեղահանվածների համար ստեղծել բնակֆոնդ։
«Հայրենիք» կուսակցության ընտրացուցակը գլխավորող Խաչիկ Մանուկյանը նշեց, որ քարոզարշավի ընթացքում իրենք առաջնորդվում են խաղաղության, բարության և ապրեցնող ուժի, երկիրը զարթոնքի տանող ուժի մեթոդաբանությամբ։

«Փորձում ենք մեր քաղաքում վերականգնել մարդկային համերաշխությունը։ Անմիջականորեն հանդիպում ենք մարդկանց հետ, զրուցում տարբեր թեմաների շուրջ։ Տարեց ընտրողները ճանաչելով իմ ծնողներին՝ սիրահոժար հանդիպում են նաև իմ և մեր թիմակիցների հետ։ Որոշներն էլ կարդացել են իմ հեղինակային գրքերը, ուստի առիթ են փնտրում իրենց տեսակետները ներկայացնելու։ Իհարկե, հետագայում կունենանք նաև հանրահավաք, որի ընթացքում բոլորս կլինենք միասին, կփոխանակենք մտքեր ու կարծիքներ ամենատարբեր խնդիրների վերաբերյալ։ Սա նաև առիթ է, որպեսզի որոշ ծրագրային շտկումներ կատարենք, քանզի մարդիկ իրենց մտահոգող հարցերն են առաջադրում։ Ինչը լուծելի է, խոստանում ենք լուծել, իսկ այն հարցերը, որոնց լուծումը պահանջում է բավականին մեծ միջոցներ, կաշխատենք միասնաբար լուծել»,- ասաց Մանուկյանը։
Նա հատկապես կարևորեց երիտասարդության դերը հասարակական կյանքում՝ հավելելով, որ մի խումբ երիտասարդներ հանդիպման ժամանակ իրեն տեղեկացրել են, թե հավաքատեղիներ չունեն, ուստի Մանուկյանն անհրաժեշտություն և առաջնահերթություն է համարում նրանց հուզող հարցերի լուծումը։
«Հանրապետություն» կուսակցության ընտրացուցակը գլխավորող Հարություն Մկրտչյանը նշեց, որ իրենք նպատակ ունեն ոչ միայն սեփական ծրագրային դրույթները ներկայացնել մարդկանց և շրջել Վաղարշապատ խոշորացված համայնքի տարածքով, ոչ միայն հանդիպել հայրենակիցների հետ, լսել նրանց տեսակետները, մտահոգություններն ու առաջարկները, այլև դաշտում բացահայտել հիմնական թեկնածուներին, թե ով ում է ներկայացնում և իրականում ինչ նպատակներ է հետապնդում։

Մկրտչյանը հավելեց, որ թեև իրենք ակնհայտ խոչընդոտների չեն բախվում, և իրենց ազատ տեղաշարժը չի արգելափակվում, սակայն քարոզարշավի ընթացքում որոշ ուժերի կողմից կեղտոտ գումարների շրջանառությունը կամ էլ վարչական ռեսուրսի օգտագործումը կարող են խնդրահարույց լինել և խոչընդոտների առջև կանգնեցնել յուրաքանչյուր անկախ թեկնածուի։
Անդրադառնալով ծրագրային դրույթներին՝ Մկրտչյանն ընդգծեց, որ իրենք Վաղարշապատում իրենց առջև խնդիր են դրել համայնքը վերադարձնել բնակիչներին, քանի որ Վաղարշապատում բոլոր ղեկավարները, նրա բնորոշմամբ, տարիներ շարունակ առաջնորդվել են այն սկզբունքով, ինչի մասին ասում էր լուսահոգի սպարապետ Վազգեն Սարգսյանը, այսինքն՝ համայնքը վերածել են որբի գլխի և ով ինչ ցանկացել է, իր հնարավորությունների չափով խուզել ու իր մասնաբաժինն իր հետ տարել է։
«Նախկին համայնքապետերի ու ավագանիների որոշումներն ամբողջությամբ պետք է ենթարկվեն մոնիթորինգի։ Դրա համար ստեղծելու ենք համայնքային որոշումների առանձին մոնիթորինգային վերլուծության հանձնաժողով, հնչելու են հստակ գնահատականներ համայնքի կառավարման անցյալի մասին, համայնքի բնակիչն այդ կառավարման գործընթացում ունենալու է ուղիղ մասնակցություն։ Դրա համար գործիքակազմը պետք է ավագանու որոշումներով հստակեցվի։ Աննահանջ պայքար ենք մղելու կոռուպցիայի դեմ, որը նույնպես կարևորագույն խնդիրներից է ոչ միայն համայնքապետարաններում, այլև առհասարակ Հայաստանում։ Էջմիածինն ի վերջո դարձնելու ենք համայն հայության հոգևոր կենտրոնը, դարձնելու ենք խելացի էկոլոգիական քաղաք, փուլային լուծումներով հասնելու ենք եվրոպական քաղաքների մոդելին»,- ասաց Մկրտչյանը։
Նա տեղեկացրեց, որ հանդես են գալու առանձին հաղորդումների շրջանակում՝ ներկայացնելով նաև ավագանու իրենց մյուս թեկնածուներին։
«Սոցիալ-տնտեսական բլոկի մասով պետք է առաջին հերթին քաղաքում մթնոլորտ փոխենք, տեղում այդ առումով կա իրականացվելիք ահռելի աշխատանք։ Քաղաքը տասնամյակներ շարունակ թալանվել ու հարստահարվել է, և այդտեղ բնակչության շահը եղել է ամենավերջին տեղում։ Մթնոլորտի փոփոխության պարագայում ներդրողները ևս հանդես կգան հավակնոտ ծրագրերով։ Ներդրողների առջև մեր դռները փակ չեն լինելու։ Յուրաքանչյուր ոք, ով ցանկություն ունի Վաղարշապատ խոշորացված համայնքում ներդրում կատարել, փող բերել ու աշխատատեղեր ստեղծել, իրականում մեր գլխի վրա տեղ ունի»,- ասաց Մկրտչյանը՝ ներկայացնելով իր քաղաքական ուժի ծրագրերը, եթե կարողանան հաղթել առաջիկա ընտրություններում։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակը գլխավորող Արգիշտի Մեխակյանը, որն այս պահին Վաղարշապատ խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատարն է, նշեց, որ քարոզարշավն ընթանում է շատ լավ, քանի որ վերջին շրջանում կատարվել է մեծածավալ աշխատանք, որոշ ծրագրեր էլ իրականացման փուլում են։ Մեխակյանի հավաստմամբ՝ բնակիչներն իրենց ընդունում են ջերմորեն, մեծ հույսեր են կապում իրականացվող ծրագրերի հետ և ցանկանում են ապագայում տեսնել նորերը։

«Հանդիպումներն առայժմ իրականացնում ենք գյուղից գյուղ, բակից բակ, փողոցից փողոց ձևաչափով։ Հանդիպումները բաց են, մարդիկ տրամադրված են շատ լավ, նրանց մեծ մասին հատկապես գյուղական բնակավայրերում անձամբ ծանոթ եմ, որովհետև նախորդիվ իմ պաշտոնավարումների ժամանակ արդեն շատ շրջել եմ, ծանոթացել խնդիրներին։ Դրանցից որոշներն արդեն ծրագրային լուծումներ են ստացել, իսկ մեծ խնդիրների լուծումը գտնվում է նախագծային փուլում»,- ասաց Մեխակյանը։
Նա հավաստիացրեց, որ իրենց ուժի համար ծրագրային բոլոր ուղղություններն, ըստ էության, կարևոր են՝ տարածքային զարգացումից մինչև ներհամայնքային, ներքաղաքային տրանսպորտային ցանցի բարելավում, առևտրի ու սպասարկման ոլորտների խթանում։
«Ընդհանուր առմամբ նախատեսում ենք համայնքապետարանի կողմից մատուցվող ծառայությունների որակի էական և շարունակական բարելավում։ Սա վերաբերում է նաև առողջապահության, սոցիալական հարցերի, աղբահանության, սանմաքրման և այլ ոլորտներին։ Ինչ վերաբերում է սոցիալ-տնտեսական բլոկին, ապա այդ մասով համայնքի ղեկավարի գործառույթները հստակ են։ Համայնքի ղեկավարը օրենքով սահմանված կարգով բիզնեսին աջակցելու մի ձև ունի, այն է՝ չխոչընդոտել բիզնեսին։ Մնացած առումներով մեր թիմը շատ բաց է համագործակցության և բոլոր տեսակի ներդրումների համար»,- ասաց Մեխակյանը։
«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցության ընտրացուցակը գլխավորող Գրիշա Հարությունյանը հայտնեց, որ բավականին ակտիվ հանդիպումներ են ունենում ընտրողների հետ, շրջում են բակերով, փողոցներով, և նշեց, որ մարդիկ իրենց դիմավորում են աղ ու հացող։

«Բնակիչների ջերմ ընդունելությունը ոգևորում է։ Մյուս կողմից դա շատ պարտավորեցնող է։ Համատեղ արձանագրում ենք համայնքին հուզող խնդիրները՝ փողոցների բարեկարգումից մինչև մարդկանց կենսակերպի պայմանները։ Հանդիպումներ ենք ունեցել ինչպես Էջմիածնում, այնպես էլ հարակից բնակավայրերում»,- ասաց Հարությունյանը։
Խոսելով ծրագրային դրույթների մասին՝ նա շեշտեց, որ անելիքները շատ են, և իրենց հիմնական նպատակներից մեկը Վաղարշապատը լիարժեք զբոսաշրջային կենտրոն դարձնելն է՝ համապատասխան ենթակառուցվածքներով, որպեսզի զբոսաշրջիկները ոչ միայն այցելեն Վաղարշապատ, այլև ցանկություն ունենան տեղում մի քանի օր անցկացնել հարմարավետ պայմաններում և վայելել յուրաքանչյուր ակնթարթը։
«Մեր ծրագիրը հիմնականում ունի սոցիալական հենք և միտված է համայնքի զարգացմանը։ Առաջնահերթությունների մեջ է, օրինակ, Զվարթնոց թաղամասի բարեկարգումը։ Մեծ ուշադրություն ենք դարձնելու մանկապարտեզների կառուցապատմանը։ Դրանք երեխաների համար պետք է գործեն անվճար։ Շրջելով բնակավայրերով՝ առանձնացնում ենք հասարակական տարբեր խավերին առնչվող կոնկրետ խնդիրները։ Նախատեսում ենք կառուցել հավաքատեղիներ ու ժամանցի վայրեր ինչպես մեծահասակների, այնպես էլ երիտասարդների համար»,- ասաց Հարությունյանը։
Նրան հատկապես մտահոգում են գյուղական համայնքներում առկա խնդիրները, հետևաբար շեշտեց, որ ամեն ինչ անելու են գյուղացիների հոգսերը թեթևացնելու համար։ Օրինակ՝ հասնելու են նրան, որ ջերմատների օրինականացման գումարները լինեն մատչելի, լուծվեն ոռոգման ջրի, բերքի իրացման հետ կապված խնդիրները։ Հարությունյանը հավաստիացրեց, որ իրենց կողքին կանգնած են բարերարներ, որոնք պատրաստ են ներդրումների միջոցով աջակցել քաղաքական ուժի կողմից առաջ քաշված ծրագրերի իրականացմանը։
«Հաղթանակ» կուսակցությունների դաշինքի ընտրացուցակը գլխավորող Սևակ Խաչատրյանն էլ նշեց, որ իրենց քաղաքական ուժն ամենօրյա ռեժիմով ընտրողների հետ հանդիպումներ է ունենում թե՛ գյուղական համայնքներում, թե՛ էջմիածնում՝ ներկայացնելով սեփական ծրագրերն ու լսելով բնակիչների տեսակետները, ինչպես նաև առաջարկներն այն հարցերի շուրջ, որոնց լուծումն, ըստ ընտրողների, հրատապ է և անհետաձգելի։ Որոշ խնդիրների լուծման տարբերակներ առաջարկում են հենց իրենք՝ բնակիչները, ինչն էլ քաղաքական ուժի ներկայացուցիչներին օգնում է հետագա անելիքները հստակեցնելու առումով։

«Հատկապես գյուղական համայնքներում մարդկանց հուզում են ջերմոցային տնտեսությունների հետ կապված հարցերը, որոնք մեծ բեռ են դարձել։ Նրանց մտահոգում են նաև ոռոգման, հարկեր-տուրքերի հետ կապված խնդիրները, կան թաղամասեր, որոնք դեռ գազաֆիկացված չեն, կա նաև խմելու ջրի պրոբլեմ։ Մարդկանց համար կարևոր են ասֆալտապատման, բարեկարգման, որոշ գյուղական համայնքներում մեծահասակների ու երիտասարդների ժամանցի վայրերի, մարզամշակութային կենտրոնների կառուցման հարցերը, իսկ քաղաքում հիմնական խնդիրները կապված են բազմաբնակարան շենքերի, կոյուղատարերի վիճակի, տների տանիքների, մուտքերի, թափառող շների հետ։ Մտահոգիչ են նաև ներհամայնքային տրանսպորտի վիճակի և ուսանողների տեղաշարժի հետ կապված հարցերը։ Մենք կարևորում ենք նաև մեզ մոտ հանգրվանած ԼՂ հայերի կեցության հետ կապված խնդիրները»,- ասաց Խաչատրյանը։
Նա հավելեց, որ դաշինքում ներառված «Առաջ» աջակենտրոն և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունները բնույթով ազգային են, մոտ են գաղափարներով, այդ պատճառով էլ իրենք փորձել են մեկտեղել մոտեցումներն ու հանդես գալ մեկ միասնական դաշինքով։
Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրություններին մասնակցելու են 7 կուսակցություններ և մեկ կուսակցությունների դաշինք․ «Հայրենիք» կուսակցություն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն, «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն, «Ժառանգություն» կուսակցություն, «Հանրապետություն» կուսակցություն, «Համահայկական ճակատ» կուսակցություն և «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում քվեարկելու իրավունք ունի 70 հազար 22 մարդ։
Ընդհանուր առմամբ Վաղարշապատ խոշորացված համայնքի տարբեր բնակավայրերում ընտրությունների օրը կբացվի 47 ընտրատեղամաս։
Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 16-ին։
