2 րոպեի ընթերցում
Վրացական պատվիրակությունը չի մասնակցի Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովին (Եվրանեսթ)՝ Եվրախորհրդարանի անդամների կողմից Վրաստանի ընդդիմությանը և այդ երկրում տիրող անկարգություններին աջակցելու պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի եվրոպական ինտեգրման խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Լևան Մախաշվիլիին։
«Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը ձեռնպահ է մնացել Երևանում «Եվրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին մասնակցելուց», - նշել է Մախաշվիլին «Եվրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովին ուղղված բաց նամակում։
Մախաշվիլին նշել է, որ Վրաստանի իշխանությունները գնալով ավելի են մտահոգվում «Եվրանեսթ»-ում ներգրավված Եվրախորհրդարանի որոշ անդամների, ինչպես նաև հենց Եվրախորհրդարանի գործողություններով, քանի որ դրանց «թշնամական հռետորաբանությունն ու քայլերը հակասում են գործընկերության և փոխադարձ հարգանքի սկզբունքներին»։
Նամակում Մախաշվիլին նկարագրում է, թե ինչպես են եվրոպացի խորհրդարանականները միացել Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ցույցերին և իրենց հայտարարություններով խրախուսել հասարակության անկարգություններն ու արմատականացումը։
Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի (Եվրանեսթ) 12-րդ լիագումար նիստը տեղի կունենա Երևանում հոկտեմբերի 28-30-ը։