Երևանում կայացել է Կարգավորող մարմինների եվրոպական հարթակի համաժողովը. քննարկվել են մարտահրավերներն ու զարգացման ուղիները
4 րոպեի ընթերցում
Երևանում անցկացվել է EPRA-ի 62-րդ համաժողովը, որը համախմբել էր 47 երկրների 56 կարգավորող մարմինների ավելի քան 100 պատվիրակների՝ մեդիա դաշտի արդի մարտահրավերների և զարգացման ռազմավարական ուղիների քննարկման նպատակով։
Հայաստանը համաժողովում ներկայացրել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (ՀՌՀ)։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՌՀ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ համաժողովի օրակարգում ընդգրկված հիմնական թեմաներն են եղել թվային դարաշրջանում մեդիա բազմակարծության ձևավորման և պաշտպանության հիմնախնդիրները, ռազմավարությունների մշակման և իրագործման մեխանիզմները արագ փոփոխվող միջավայրում։
Համաժողովի ընթացքում պատվիրակները կիսվել են իրենց երկրների մեդիա կարգավորման փորձով, ներկայացրել են իրականացված հետազոտությունների արդյունքները, ընդգծել մեդիա դաշտում առկա հիմնական մարտահրավերները և առաջարկել դրանց հաղթահարման ուղիներ՝ շեշտադրելով տեխնոլոգիական զարգացման, արհեստական ինտելեկտի ազդեցության և ապատեղեկատվության դեմ պայքարի կարևորությունը։ Քննարկվել են նաև ատելության խոսքի (Hate Speech) դեմ պայքարի արդի մեխանիզմները։
Քննարկվել է խոսքի ազատության պաշտպանության և հասարակության տարբեր խմբերի նկատմամբ թշնամական, խտրական կամ բռնություն հրահրող արտահայտություններից պաշտպանության համադրման անհրաժեշտությունը՝ ընդգծելով միջազգային համագործակցության, միասնական կարգավորող մոտեցումների ներդրման և հստակ իրավական մեխանիզմների ձևավորման կարևորությունը։
«Վերջին տարիներին, հաշվի առնելով տեղեկատվական դաշտի արագ ու կտրուկ վերաձևումները՝ Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը կենտրոնացած է եղել տեղեկատվական անվտանգության ապահովման մեթոդաբանության կատարելագործման վրա»,- նշել է ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։
Խոսելով մեդիա ոլորտում առկա խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ հանձնաժողովի կողմից իրականացվող աշխատանքի մասին՝ Տիգրան Հակոբյանը նկատել է, որ դա իրականում շատ բարդ աշխատանք է՝ հատկապես բալանսավորման տեսանկյունից։
«Բալանսավորումը դժվար բան է, և մեկնաբանություններն ու շահարկումները միշտ կարող են տարբեր լինել։ Մյուս կարգավորող մարմինների լիազորությունների համեմատ՝ մեր լիազորությունները շատ սահմանափակ են։ Նոր է, որ Ազգային ժողովը պատրաստվում է փոփոխություններ մտցնել օրենքում։ Այսինքն՝ եթե ամբողջ աշխարհում արդեն տեսալսողական բովանդակություն տարածող օնլայն հարթակները կարգավորման ներքո են, մեզ մոտ այդ բանը չկա, և այսօր առկա վտանգները, ապատեղեկատվությունը, ատելության խոսքը հենց այդ հարթակներից են։ Աշխարհում ոչ մեկ չգիտի՝ որտեղ է խոսքի ազատության և խոսքի ազատության չարաշահման սահմանը, և այստեղ շատ կարևոր է կոնսենսուսը հասարակության, իշխանությունների, ընդդիմության, կարգավորող մարմինների, մեդիայի միջև»,-ընդգծել է Տիգրան Հակոբյանը՝ հավելելով, որ այս հարցը ևս լինելու է համաժողովի քննարկման առարկա։
Տիգրան Հակոբյանը կարևորել է նաև միջազգային համագործակցության դերը՝ ընդգծելով, որ եվրոպական գործընկեր կառույցների հետ համատեղ գործունեությունը հնարավորություն է տալիս արդյունավետորեն հակազդել ապատեղեկատվությանը և հակահայկական քարոզչությանը միջազգային հարթակներում։