ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել Հռոմի Պապի հետ
3 րոպեի ընթերցում

Սուրբ Աթոռ կատարած այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հռոմի Պապ Նորին Սրբություն Լևոն XIV-ի հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նորին Սրբությունը ողջունել է վարչապետ Փաշինյանի այցը Վատիկան և մասնակցությունն Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի ու վեց այլ Երանելիների սրբադասման արարողությանը։ Նա ընդգծել է Սուրբ Աթոռի և Հայաստանի միջև հաստատված սերտ հարաբերությունները՝ հատկապես կարևորելով Վենետիկի Մխիթարյան միաբանության դերն այդ կապերի խորացման գործում։
Վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Նորին Սրբությանը Հռոմի քահայանապետ ընտրվելու առթիվ՝ մաղթելով ուժ և հաջողություն սուրբ առաքելության իրագործման դժվարին ու պատասխանատու ճանապարհին։ Նա վստահություն է հայտնել, որ Լևոն XIV-րդի Պապի առաջնորդությամբ կշարունակվի Սուրբ Աթոռի և Հայաստանի միջև սերտ երկխոսության ավանդույթը, ինչպես նաև Հայաստանի համար կարևոր հարցերի նկատմամբ ցուցաբերվող հետևողական ուշադրությունը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային խնդիրներին։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել հումանիտար հարցերին։ Նորին Սրբությունը շնորհավորել է այդ ուղղությամբ արձանագրված առաջընթացը և հույս հայտնել, որ տարածաշրջանում խաղաղության հաստատումը կդառնա համագործակցության և կայունության նոր փուլի սկիզբ։
Վարչապետ Փաշինյանը վերահաստատել է ՀՀ Կառավարության հանձնառությունը խաղաղության օրակարգին՝ ի շահ Հայաստանի և տարածաշրջանի բարգավաճման ու կայուն զարգացման։
Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ն աշխատանքային այցով գտնվում է Սուրբ Աթոռում:
Հոկտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանը Սուրբ Պետրոսի հրապարակում ներկա է գտնվել Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի և ևս 6 այլ Երանելիների սրբադասման արարողությանը՝ Լևոն XIV-րդ Պապի հանդիսապետությամբ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այցի շրջանակում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Նորին Սրբություն Հռոմի Պապ Լևոն XIV-ի առանձնազրույցը:
Տեղի կունենա նաև ՀՀ վարչապետի հանդիպումը Սուրբ Աթոռի պետքարտուղար Պիետրո Պառոլինի հետ: