«Խաղաղության խաչմերուկ»-ի և TRIPP-ի միջոցով Հայաստանը կամրապնդի կապը Սև ծովի, Կասպից ծովի և Պարսից ծոցի հետ. Գոհար Աբաջյան

5 րոպեի ընթերցում

«Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի («Էնթերփրայզ Արմենիա») գլխավոր տնօրեն Գոհար Աբաջյանի կարծիքով՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագրով՝ Հայաստանը մտնում է նոր տնտեսական փուլ՝ բարելավված ենթակառուցվածքներով և ավելի խորը տարածաշրջանային ինտեգրմամբ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Աբաջյանը նման կարծիք հայտնեց Հայաստանի ներդրումային խորհրդի կազմակերպած «Միջազգային առևտրի և ներդրումների ֆորում»-ի ընթացքում։ 

Աբաջյանը նշեց, որ համաշխարհային առևտրի և ներդրումների լանդշաֆտը շատ արագ փոխվում է, և ամենահաջող ներդրումները, որոնք տեսանելի են այժմ, տեխնոլոգիաների, ծառայությունների և արտադրության համադրություն են։  

«Այս նոր միջավայրում ներդրողները դիտարկում են երեք հիմնական բան․ կանխատեսելի կանոններ, ամուր կապակցվածություն և, իհարկե, կատարողականություն։ Հայաստանը պատրաստ է առաջարկել այս երեքը։ Նախ՝ կանխատեսելիությունը. մեր ներդրումային քաղաքականությունը ստեղծում է թափանցիկ և կանոնների վրա հիմնված միջավայր, որը բոլոր ներդրողների համար հավասար է։ Մենք թվայնացնում ենք մեր հանրային և ներդրումային ծառայությունները և փորձում ենք դրանք դարձնել ավելի արդյունավետ՝ գաղափարից մինչև կատարում և շահագործման հանձնում։ Իհարկե, ինչպես շատ կառավարություններում, կան բազմաթիվ կատարողական խոչընդոտներ, բայց կա մեր կառավարության պարտավորությունը և լիակատար աջակցությունը։ Մեր կառավարությունը կանգնած է յուրաքանչյուր բիզնեսի կողքին և պահում է իր խոսքը»,-շեշտեց Գոհար Աբաջյանը։  

Որպես ներդրողների համար երկրորդ կարևոր հանգամանք՝ Աբաջյանն առանձնացրեց կապակցվածությունը՝ կարծիք հայտնելով, որ աշխարհագրությունն այս առումով առավելություն է։  

«Հայաստանի համար խաղաղությունն ու կայունությունը պարզապես վերացական բառեր չեն, այլ տնտեսական ակտիվներ, որոնք մենք ձեռք ենք բերել: Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության և TRIPP-ի (խմբ․ Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման) միջոցով Հայաստանը կամրապնդի բազմամոդալ կապը Սև ծովի, Կասպից ծովի և Պարսից ծոցի հետ: Եվ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված խաղաղության համաձայնագրով՝ Հայաստանը մտնում է նոր տնտեսական փուլ՝ բարելավված ենթակառուցվածքներով և ավելի խորը տարածաշրջանային ինտեգրմամբ»,-նշեց Գոհար Աբաջյանը՝ մատնանշելով, որ բիզնեսի և ներդրողների համար սա նշանակում է դիվերսիֆիկացված լոգիստիկա և ավելի կարճ տարանցման ժամանակ ու բազմաթիվ տարածաշրջանային շուկաներ՝ մեկ ներդրումային բազայից: Ներդրումների համար որպես երրորդ կարևոր հանգամանք՝ Աբաջյանը նշեց ծրագրերի ու նախաձեռնությունների կատարողականությունը:  

«Ներդրողները գնահատում են վստահությունը, որ խոստացված հանձնառությունը կկատարվի։ «Էնթերփրայզ Արմենիա»-ն կանգնած է բոլոր ներդրողների կողքին։ Մենք կապված ենք մեր պետական ​​հատվածի հետ ու փորձում ենք ամեն ինչ դարձնել արագ և կանխատեսելի՝ սկսած թույլտվություններից և ֆինանսավորման հնարավորություններից։ Եվ այն, ինչն իմ կարծիքով այսօր տարբերակում է Հայաստանը, ոչ միայն տեխնոլոգիաներն են, այլև բազմազան հնարավորությունները, որտեղ գլոբալ ընկերությունները կարող են գտնել կոմպակտ, դեռևս շատ կարող բազա՝ փորձաքննության, արտադրության և նախատիպերի ստեղծման համար»,- նշեց «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի գլխավոր տնօրենը։  

Նրա կարծիքով՝ Հայաստանում առկա ինժեներական խորը տաղանդի, որակավորված և բարձր աշխատուժի ու ստեղծագործական տաղանդի շնորհիվ կարելի է տեսնել բոլոր ներդրումային հնարավորությունները, որոնք անհրաժեշտ են։ 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հռչակագիր էին ստորագրել, որի կետերից մեկով սահմանված է, որ Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (կամ TRIPP) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ TRIPP-ը Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության բաղադրիչներից մեկն է։ 
 

Հայերեն English Español Français ქართული

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան